Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արդյունավետ է գնահատում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումը, որը կազմակերպել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Գրիգորյանն անդրադարձել է հանդիպումից հետո Ջեյք Սալիվանի գրառմանը, որ քննարկվել են կոնկրետ քայլեր, որոնք կարող են հանգեցնել խաղաղության. «Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման թեմաներն ենք քննարկել: Այդ թեմաների առնչվում են ապաշրջափակումը, դելիմիտացիան և սահմանային անվտանգությունը, ինչպես նաև այլ հարցեր, որոնք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն են բերում: Սրանք են այն հիմնական թեմաները, որ քննարկել ենք: Նաև շեշտադրում է եղել վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքների վերացման վրա: Գիտեք, որ այս առումով Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի իր զորքերը ելման այն կետեր, որտեղից սկսել է ագրեսիան»,- «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Գրիգորյանը:
Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը 5 օրակարգ են քննարկում, կան օրակարգային 5 հարցեր, որոնք փոխկապակցված են: «Դրանցից մեկը հումանիտար հարցերն են, այսինքն՝ գերիներին վերադարձ և բոլոր այն հումանիտար հարցերը, որոնք գոյություն ունեն: Կա ապաշրջափակման հարցը, դեմարկացիայի և դելմիտացիայի հարցը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը: Կա նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը: Այս ուղղություններով փորձել ենք հստակություն մտցնել, թե ինչպես ենք առաջ շարժվում: Սրանք իրար հետ փոխկապակցված են: Այսինքն՝ կոնկրետությունը հենց այս թեմաների շուրջ է եղել, թե մենք ինչպես ենք առաջ շարժվում»,- ասել է Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ կան տարբեր ֆորմատներ, որտեղ տարբեր մակարդակներով քննարկումներ են տեղի ունենում: «Դրանք արտաքին գործերի նախարարների, փոխվարչապետերի, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության տնօրենների մակարդակով ընթացող քննարկումներն են: Կան նաև բարձր մակարդակում քննարկումներ, այսինքն՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումներ: Այս պահին քննարկում ենք, որպեսզի մնացած այլ ֆորմատներում առաջընթաց ունենանք, որպեսզի հնարավորության դեպքում նաև բարձր մակարդակի հանդիպում ունենանք»,- մանրամասնել է Գրիգորյանը: