Վերջերս «Բարսելոնա» տեղափոխված հարձակվող Անտուան Գրիզմանը ընթացիկ մրցաշրջանի ընթացքում չի կարողանա փոխել խաղային համարն: Այս մասին հաղորդում է AS-ը:
Այն բանից հետո, երբ Ֆիլիպե Կոուտինյուն հեռացավ կատալոնական թիմից ու վարձակալությամբ տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա», 7 համարն ազատվեց, որի ներքո Գրիզմանն ավելի վաղ հանդես է եկել «Ատլետիկոյում»:
Համաձայն իսպանական ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնակարգի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը նոր մրցաշրջանում չի կարողանա հանդես գալ 7 համարի մարզաշապիկով, քանի որ Պրիմերայի ֆուտբոլիստներն ամբողջ մրցաշրջանի ընթացքում պետք է հանդես գան նույն համարի ներքո:
Գրիզմանն «Աթլետիկի» հետ Պրիմերայի առաջին տուրի խաղում արդեն «Բարսելոնայի» կազմում իր նորամուտը նշել է 17 համարի ներքո: Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում կատալոնացիները օգոստոսի 25-ին սեփական հարկի տակ կընդունեն «Բետիսին»:
