ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը 2019 թվականի նոյեմբերին կիրականացնի Գրքի երևանյան երրորդ փառատոնը, որի շրջանակում հայտարարվում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում.
◆ Արձակ (երկու մրցանակ)
◆ Պոեզիա (երկու մրցանակ)
◆ Դրամատուրգիա (երկու մրցանակ)
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները՝ առանց տարիքային սահմանափակման: Գրքի երևանյան փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղ զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգում հայտ ներկայացնել չեն կարող:
Մրցույթին պետք է ներկայացնել՝
◆ ինքնակենսագրություն (CV),
◆ 3 պատմվածք / էսսե կամ վեպից / վիպակից հատված (նվազագույնը՝ 30 էջ)` «Արձակ» անվանակարգի համար,
◆ 15 բանաստեղծություն՝ «Պոեզիա» անվանակարգի համար,
◆ 1 պիես՝ «Դրամատուրգիա» անվանակարգի համար:
Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է առանձին գրքով հրատարակված չլինեն:
Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։
Հաղթողները կստանան դրամական պարգև 400 000-ական դրամ (ներառյալ հարկերը):
Հայտի փաթեթը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ կցելով կոնտակտային տվյալները և նամակի «թեմա» (subject) տողում նշելով՝ «Գրական մրցույթ և գրողի անուն-ազգանունը»։
Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո հաղթող գործերից հատվածներ են հրապարակվելու: Եթե 2020 թվականի ընթացքում հեղինակները հաղթած գործերը չհրատարակեն, Գրքի երևանյան փառատոնը իրավունք ունի դրանք ամբողջությամբ հրապարակելու:
Մասնագիտական ժյուրին ստեղծագործությունները գնահատելու է՝ հաշվի առնելով.
◆ ժանրային իրացումը
◆ կառուցվածքը
◆ լեզուն և ոճը
◆ գեղարվեստական մտածողության ինքնատիպությունը
◆ նորարարությունը:
Մասնագիտական ժյուրիի կազմում են.
Ալեքսանդր Թոփչյան
Դավիթ Մուրադյան
Գրիգոր Խաչատրյան
Դավիթ Հարությունյան
Քրիստինե Հովհաննիսյան
Արամ Պաչյան
Տիգրան Պասկևիչյան
Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյան
Տիգրան Սիմյան
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի հոկտեմբերի 20-ն է։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։