fbpx
Իրավական

Գյումրու փողոցում գտնված նորածնի վիճակը կայունանում է, մայրը դեռ չի գտնվել

Գյումրու փողոցում գտնված նորածինը դեռ Ավստրիական մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Ըստ մասնագետների՝ երեխայի վիճակն աստիճանաբար կայունանում է: Երեկ ջերմություն է ունեցել, այսօր չունի:

«Եթե վերջնական համոզվենք, որ էլ չի ջերմում ու քաշ է ավելացնում, վերակենդանացման բաժանմունքից փոքրիկին կտեղափոխենք»,- մեր զրույցում ասաց հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի առավոտյան՝ ժամը 10:00-10:30-ի սահմաններում, Գյումրու Ավտոկայանի մերձակա հատվածի տներից մեկի պարսպի տակ բարուրով փաթաթված նորածին երեխա էր հայտնաբերվել: Նորածինը տեղափոխվել էր Ավստրիական մանկական հիվանդանոց: Գտնված երեխան տղա է, 3 կգ 100 գրամ քաշ ունի, 51 սմ հասակ: Բնածին արատ չի հայտնաբերվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հատկանիշերով (Մոր կողմից նորածին երեխայի սպանության փորձ): Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի տեղեկացմամբ, երեխայի մոր ինքնությունը դեռևս պարզված չէ:

Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ, համաձայն օրենքի, երեխան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կհանձնվի պետության խնամքին: Սոցապ նախարարության որոշմամբ, կտեղափոխվի մանկատուն: «Կհաշվառվի որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա, իսկ որպես որդեգրման ենթակա երեխա կհաշվառվի հայտնաբերումից 3 ամսից ոչ շուտ՝ օրենքով սահմանված կարգով: Այսպես է ընկեցիկ երեխաների պարագայում: Եթե 3 ամսվա ընթացքում հանգամանքներ փոխվեն, այսինքն՝ հայտնաբերվի ծնողը, կամ մեկ այլ անձ, գուցեև երեխան հանձնվի խնամակալության: Այսինքն՝ իրավիճակից ելնելով՝ օրենքով սահմանված կարգով, ի շահ երեխայի, որոշումներ կկայացվեն»,- մանրամասնեց Գրիգորյանը:

Աղբյուրը՝ Armtimes:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ