Հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված տոնակատարությունն Արագածոտնի մարզում մեկնարկեց Աշտարակի քաղաքային զբոսայգուց:
Ամեն տարի Մայիսի 9-ին հարյուրավոր մարդիկ՝ Աշտարակից և հարևան համայնքներից, այցելում են հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում Հայրենական մեծ պատերազմում և Արցախի ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայրենակիցների հիշատակին:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի, պետական այլ կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ, ծաղկեպսակ է տեղադրել Հաղթանակի հուշակոթողի մոտ, ծաղիկներ է խոնարհել հերոսների սխրանքը հավերժացնող կրակի շուրջ:
Զբոսայգուց երթը շարժվել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանոց, որտեղ մարզպետը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին: Ներկաները հարգանքի տուրք են մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին, ծաղիկներ են խոնարհել հերոսների շիրիմներին: Կատարվել է հոգեհանգստի կարգ:
Հայրենական մեծ պատերազմի բոլոր 11 վետերանները մարզպետ Դավիթ Գևորգյանի որոշմամբ արժանացան դրամական աջակցության և խորհրդանշական նվերների:
Այս մասին տեղեկանում ենք Արագածոտնի մարզպետարանի պաշտոնական կայքից։