fbpx
Տնտեսություն

Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Նախարարը, շնորհավորելով տիկին Թրեյսիին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նախ հակիրճ ներկայացրեց կառավարության առաջնահերթությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

ԱՄՆ կառավարությանը դիտարկելով որպես կարևոր գործընկերներից մեկը՝ Հակոբ Արշակյանն առաջարկեց համագործակցել ձեռներեց երիտասարդների և ինժեներների փոխանակման ծրագրեր իրականացնելու շուրջ, ինչը կօգնի ամերիկյան ձեռներեցության փորձը տեղայնացնել Հայաստանում, ամերիկյան ընկերություններին էլ հնարավորություն կտա ծանոթանալու հայաստանյան տեխնոլոգիական ներուժին և Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարներին:

Հայ-ամերիկյան համագործակցության համատեքստում առանձնացվեց նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում կրթություն-գիտություն-առևտրայնացում շղթայի յուրաքանչյուր օղակի կարևորությունը և նախարարության պատրաստակամությունը համագործակցել ԱՄՆ դեսպանատան և ԿԳՆ հետ՝ նշված ոլորտներում զարգացման ծրարգրեր իրականացնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդարադարձ կատարվեց նաև «Ինժեներական քաղաք» ծրագրին, որը մեկ վայրում է կենտրոնացնելու 40-ից ավելի ինժեներական ընկերություններ և ստեղծելու է յուրահատուկ տեխնոլոգիական միջավայր:

Արդեն նախանշված քայլերի մասին խոսելիս նախարարն առանձնացրեց նաև վենչուրային խոշոր հիմնադրամ ստեղծելու ծրագիրը, որը միջոցներ է տրամադրելու ստարտափերին՝ զարգանալու և համաշխարհային շուկա դուրս գալու համար:

«Ուրախ էի հանդիպել և ծանոթանալ կենսունակ տնտեսության ձևավորման ձեր տեսլականին, որը թույլ կտա լավագույնս իրացնել հայ ժողովրդի տաղանդն ու ձեռնարկատիրական ձիրքը»,- հանդիպման ավարտին նշեց դեսպան Լին Թրեյսին՝ հույս հայտնելով, որ նշված և մի շարք այլ ծրագրերի իրագործման ճանապարհին նախարարությունն ու ԱՄՆ դեսպանատունը հաջողությամբ կհամագործակցեն:

Նախարարը դեսպանին տեղեկացրեց նաև, որ հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT-2019) և ընդգծեց ամերիկյան ընկերությունների բարձր մակարդակով մասնակցության կարևորությունը տեխնոլոգիական ոլորտի բացառիկ այդ միջոցառմանը։

Դեսպանն իր պատրաստակամությունը հայտնեց համագործակցելու նշված ուղղություններով։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ