Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը քանի դեռ ֆուտբոլ է խաղում, պետք է լինի հավաքականի ավագը, իսկ հավաքականի տղաներին բավական է քննադատելպարտությունների համար բոլորս ենք մեղավոր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, նախկին մարզիչ Սարգիս Հովսեփյանը:
«Բոլորը քննադատում եմ մեր տղաներին, բայց ինձ թվում է՝ ինչ-որ չափով բավական է, որովհետև քննադատությունը պետք է արդյունավետ լինի, եթե հենց այնպես՝ շատ վատ բառերով քննադատում ես ֆուտբոլիստին, ցանկացած մարդ, ոչ միայն մարզիկ, այդ քննադատությունը չի ընդունում, իսկ եթե տեղին ես քննադատում, նաև ֆուտբոլիստն է նայում, կարդում, ընդունում, իսկ մեր մոտ մարդիկ սովոր են հայհոյանքներով քննադատել: Ես դա չեմ ընդունում, միևնույն է, մեր տղաներն են խաղում, լինում է նաև պարտություն, ցանկացած երկիր էլ պարտվում է: Համակարգն է մեղավոր, որ ֆուտբոլիստները պարտվում են, իսկ մենք ամեն ինչ մոռացել ենք, թիրախավորում ենք նրանց ու քարկոծում ենք», -ասաց Սարգիս Հովսեփյանըՙ անդրադառնալով հավաքականի հասցեին հնչած քննադատություններին՝ Իտալիա-Հայաստան հանդիպմանը 9-1 հաշվով պարտվելուց հետո:
Հարցին, թե այդ քննադատություններն ազդո՞ւմ են մարզիկի հոգեբանության վրա, Սարգիս Հովսեփյանն ասաց, որ, բնականաբար, դա ազդում է, նա չի կարող տրամադրվել, լիովին տրամադրվել խաղին: Նա նշեց, որ ֆուտբոլիստները լավ ասացվածք ունեն՝ տխրությունը պետք է տևի մեկ օր:
Հարցին՝ ո՞րն էր պարտության պատճառը, որովհետև առաջին ութ րոպեներին հինգ պաշտպանով երկու գոլ սեփական դարպասը թողնելուց հետո՝ դժվար կլիներ զսպել երկրպագուների քննադատությունները, Սարգիս Հովսեփյանն ասաց, որ չի ցանկանում քննարկել մարզիչի մարտավարությունը, սակայն կարող է ասել, որ պաշտպանությունը պետք է լինի որակյալ, և դա միայն պաշտպանների գործը չէ:
Դիտարկմանը, թե մատնանշում են, որ աշխարհում պրոֆեսիոնալ մարզիչների աշխատանքին ֆեդերացիաների նախագահները չեն միջամտում, ինչպես Հայաստանում է, Սարգիս Հովսեփյանն ասաց. «Ինչ-որ չափով կարող է դերակատարում ունենալ, բայց՝ ոչ շատ: Մեր մոտ՝ նայած մարզիչ. երբ ես գլխավորում էի հավաքականը, հավատացնում եմ, ձեզ, որ ես եմ արել, սխալվել եմ, ճիշտ եմ արել, դա իմ ընտրությունն է եղել, և դրա համար ես հանգիստ եմ»:
Հարցին՝ եթե առաջարկ լինի, կհամաձայնի՞ զբաղեցնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը կամ ազգային ընտրանու մարզչի պաշտոնը, Սարգիս Հովսեփյանը չցանկացավ պատասխանել. «Լավ կլինի այդ հարցին հիմա չպատասխանեմ»:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականին և հնարավոր համարո՞ւմ է, որ սպորտն ու քաղաքականությունը տարանջատված լինեն, Հովսեփյանն ասաց՝ հնարավոր չէ. «Սպորտն ամենամեծ քաղաքականությունն է, սպորտի միջոցով մեծ քաղաքականություն է իրականացվում, պետություններն իրենց խնդիրներն են լուծում…»:
Հովսեփյանը, պատասխանելով այն հարցին, թե երբ ինքն էր հավաքականի պաշտպան, ի՞նչ ազդեցություն էր ունենում գործկոմը, ասաց, որ նախկինում եղել են ոչ սպորտային մարդիկ, տարբեր կառույցներից պետական այրեր, ու իրենք չեն էլ իմացել, թե ովքեր են եղել այդ կազմում և որևէ առնչություն նրանց հետ չեն ունեցել:
Գրում է Tert.am-ը։