Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի համար անհավատալի է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքը:
Ըստ Մելքոնյանի՝ ճանաչելով Հարությունյանին, ոչ մի պատճառ չէր կարող նրան դրդել ինքնասպանության:
«Ինքը շատ հավասարակշռված, շատ սառը դատողությամբ, ամուր բնավորությամբ մարդ էր, նաև բռնցքամարտիկ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ է եղել երկար տարիներ, բայց դա ոչինչ չի նշանակում, ես նրա հետ երկար տարիներ չեմ շփվել, ու մարդը տարբեր իրավիճակներում այս ժամանակահատվածում կարող է այնպիսի ապրումներ ունենար, որ ես տեղյակ չեմ»,-ասաց Մելքոնյանը։
Հայկ Հարությունյանը «Մարտի 1-ի» գործով անցնող վկա էր, Մելքոնյանն ասաց՝ չի կարծում, որ այդ գործով որևէ բան կարող էր նրան դրդել ինքնասպանության. «Ես չեմ կարծում, որ նա «Մարտի 1-ով» այնպիսի բան է արել, որը կարող էր դրդել նրան այդ քայլին: «Մարտի 1-ով» ավելի շատ այն մարդիկ են մեղավոր, որոնք հիմա դրսում են, խոսքս մյուս թևին է վերաբերում: Իր աշխատած տարիներին որևէ բիծ, որևէ չարաշահում, խոսակցություն նրա հասցեին չի եղել»:
«Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Սեդա Սաֆարյանը նշեց, որ Հայկ Հարությունյանը 2008-ին եղել է «միջոցառումների» կազմակերպիչը և օպերատիվ խումբը ձևավորվել է Հայկ Հարությունյանի ու մյուսների համատեղ ջանքերով և նա լավ իրազեկված էր, թե ինչ է տեղի ունեցել Մարտի 1-ին:
«Բնականաբար, երբ խոսքը գնում է, որ առավոտվա գործողությունները սարքված գործողություններ են ու համաչափություն չեն պարունակում, միայն այդքանի համար Հայկ Հարությունյանը պատասխանատու էր: Պատասխանատու է նաև, որ իր ստորաբաժանման մեջ կեղծ իմիտացիա են ստեղծել իբր միջոցառում կազմակերպելու անհրաժեշտության վերաբերյալ: Ընդ որում, հանձնաժողովում Հայկ Հարությունյանը հայտնել էր, որ տեղյակ է Ռոբերտ Քոչարյանի միջոցառումից, ինչը խոսում է այն մասին, որ այդ ամեն ինչը անմիջական կապ ունի նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, այսինքն՝ Հայկ Հարությունյան-Ռոբերտ Քոչարյան և մյուս պետական պաշտոնյաների համատեղ գործունեության արդյունքում են ծնվել առավոտից մինչև երեկո ընթացող գործողությունները»,-ասաց Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, թե առանձնապես խոշոր չափերի հափշտակություն և կոռուպցիոն չարաշահումներ են բացահայտվել «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցման գործընթացում, իսկ այդ տարիներին ԱՆ ՔԿՀ-ների վարչության պետ էր Հայկ Հարությունյանը:
Անդրադառնալով այս չարաշահումներին՝ Սեդա Սաֆարյանն ասաց. «Իրենց համար այդ օղակը պետք է նեղանար, որովհետև մինչև 2008 թվականը ու դրանից հետո իրենք շատ գործողությունների մեջ կարող էին լինել, այդ թվում նաև պետական ունեցվածքի յուրացումները իրենցից հեռու չէին: Ես հակված չեմ այն վարկածին, որ ինքնասպանություն է եղել, քանի դեռ քննություն չի տարվել, ինչու են ինքնասպանության վարկածը, որպես առաջնային վարկած շրջանառում, քննեն, տեսնենք՝ ինչ ՝է կատարվել»:
Աղբույրը՝ Aravot.am