ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ գործի քննության լսումների հերթական փուլի նախաշեմին հանրապետականները պատրաստել են զեկույց, որում հերքել են դեմոկրատների հիմնական փաստարկները, որոնք նախաձեռնել են Սպիտակ տան ղեկավարին իշխանությունից հեռացնելու ընթացակարգ։ Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը:
«ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցի վերաբերյալ քննությունը ցույց է տվել, որ չի եղել ոչ մի «ծառայություն ծառայության դիմաց», կաշառակերություն, հարկադրանք և իշխանության չարաշահում: Նախագահ Դոնալդ Թրամփն ուներ հիմնավորված թերահավատություն Ուկրաինայում շարունակվող համատարած կոռուպցիայի պատճառով»,-նշված է փատաթղթում։
Դրանից բացի՝ հանրապետականները կտրականապես հերքել են Թրամփին ուղղված դեմոկրատների մեղադրանքները ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ընտանիքի դեմ քննությունից քաղաքական օգուտ ստանալու մտադրության մասին: Զեկույցում նաև հերքվում է Սպիտակ տան ղեկավարի կողմից որևիցե փորձը՝ խանգարելու Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում իմպիչմենտի ընթացակարգի շրջանակում վկաների ցուցմունքներ տալուն:
Նախագահի կուսակիցները պնդում են, որ դեմոկրատները Թրամփի իմպիչմենտի նախապատրաստման աշխատանքը սկսել են նրա ընտրվելուց անմիջապես հետո: