Ֆրանսիայի հավաքականի և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Դավիդ Տրեզեգեն մեղադրվում է ոստիկաններին վիրավորելու մեջ: Նշենք, որ նա վերջերս զրկվել էր վարորդական իրավունքից Թուրինում ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու պատճառով։
Ականատեսներից մեկը պատմել է, որ ոստիկանները կանգնեցրել են Տրեզեգեի մեքենան զիգզագաձև ընթանալու համար։ Ինչպես հայտնում է Gazzetta dello Sport-ը, ֆրանսիացին ի սկզբանե հրաժարվել է ալկոհոլի թեստից, ինչից հետո սկսել է վիրավորել ոստիկանության աշխատակիցներին:
«Դուք մուրացկաններ եք, ողորմելի շներ։ Դուք նույնիսկ 2000 եվրո չեք վաստակում», – ասել է Տրեզեգեն։
Այս պահին հայտնի չէ, թե ինչ ժամկետով է ֆրանսիացին զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից։ Լեգենդար ֆուտբոլիստը նաև տուգանվել է։
Հավելենք, որ Տրեզեգեն երկար ժամանակ խաղացել է «Յուվենտուսում», որի կազմում դարձել է ակումբի պատմության ամենաարդյունավետ օտարերկրացին: Հանդես է եկել Ֆրանսիայի հավաքականում, որի կազմում դարձել է 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն:

