Այսօր՝ Երևանի ժամանակով 20։00-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Ռումինիա հանդիպումը։
Այն կայանում է 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում։
Հայաստանի հավաքականը ընդգրկված է J խմբում՝ Գերմանիայի, Ռումինիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի ու Իսլանդիայի հետ միասին։ Այս պահին խմբի առաջատարներն են Հայաստանն ու Գերմանիան՝ 6-ական միավորով, նրանցից 3 միավոր պակաս ունեն Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան, իսկ Լիխտենշտեյնն ու Իսլանդիան 0 միավորով եզրափակում են խումբը։
Մեր ընտրանու համար այսօրվա հանդիպումը շատ կարևոր է, քանի որ հաղթանակի արդյունքում Հայաստանն արդեն 6 միավորի առավելություն ձեռք կբերի իրեն հետապնդող թիմերից մեկից։ Իսկ հաշվի առնելով, որ Հյուսիսային Մակեդոնիան էլ Գերմանիայի հետ է հանդիպելու, շանսերը մեծ են, որ այսօրվա խաղի հաղթական ելքի դեպքում մենք 6 միավորով առաջ կանցնենք նաև մակեդոնացիներից։
Նշենք, որ հանդիպումը սպասարկելու են լատվիացի մրցավարները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մարտի 25-ին և մարտի 28-ին, մեր հավաքականը հաղթանակներ էր տոնել համապատասխանաբար՝ Լիխտենշտեյնի (1-0), ու Իսլանդիայի (2-0) հավաքականների նկատմամբ։