fbpx
Հասարակություն

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը

Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը:

Այսօր՝ ժամը 11:00-ին, ՀԱԵ բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Սուրբ պատարագ, որի ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը):

Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով կօրհնի ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն կտանեն, որպես օրհնություն ու բուժիչ դեղ:

Այնուհետև քահանան կայցելի հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:

Այսօր քրիստոնյաները միմյանց ողջունում են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» ավետիսով, որի պատասխանն է «Ձեզ և մեզ մեծ ավետիս»:

Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը եկեղեցական օրացուցում տարվա առաջին տոնն է։

Հիսուսի ծնունդը

Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար է անցկացվում: Յուրաքանչյուր ոք գնում է իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ է գալիս: Երբ Սուրբ կույսի հղության օրերը լրանում են, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չի գտնվում, նրանք ստիպված մի քարայրի մեջ են տեղավորվում, որտեղ էլ ծնվում է Հիսուսը:

Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի Սուրբ Ծննդյան մասին՝ երգելով. «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից եկան մոգեր, ում մի աստղ էր առաջնորդել, և երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ