Գերմանիայի Հեմսբախ քաղաքի քաղաքապետարանի շենքում կայացել է հայ նկարիչ, ռեստավրատոր, որմնանկարների վարպետ Տիգրան Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Մանհեյմ քաղաքի Գյոթեի ինստիտուտի նախկին գիտաշխատող, մշակութաբան Աննա Բաբայանը, ում առիթ էր ընձեռվել ներկայացնելու նկարչին ցուցահանդեսի բացման արարողությանը, որոշ մանրամասներ ներկայացրեց միջոցառումից։ «Գնահատված հինը՝ նորովի մատուցմամբ» խորագիրը կրող մշակութային իրադարձությանը մասնակցել են Հեմսբախի քաղաքապետը, այլ նկարիչներ, ուսանողներ, Ռեին Նեկար տարածաշրջանի լրագրողներ և բնակիչներ։
Աննա Բաբայանի խոսքով՝ ցուցահանդեսը բացահայտում է Տիգրան Գրիգորյանին որպես հիանալի դիմանկարչի։ Ներկայացված են երեք հիմնական ուղղություններ՝ լայնաֆորմատ դիմանկարներ, պատկերային ցուցանմուշներ, աբստրակտ նկարներ։ «Նկարչի ստեղծագործելու խորհրդավոր տեխնիկան և հիանալի գույները մեծ տպավորություն են գործում այցելուների վրա։ Սխալված չենք լինի ասելով, որ Տիգրան Գրիգորյանի աշխատանքները հայտնի վարպետներից ներշնչանքի, բայց միևնույն ժամանակ սեփական զգացողությունների արդյունք են։ Լինելով Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչ, որպես երկու աշխարհների ճամփորդ՝ նա միավորում է իր անցյալի ու ներկայի զգացմունքային փորձը»,-ասում է մշակութաբանը։
Նրա խոսքով՝ երբեմն գիտակցական, երբեմն խորը ենթագիտակցական շերտերից ներշնչվելով՝ Տիգրան Գրիգորյանը ստեղծում է աշխատանքներ, որոնք ավանդականի, բայց և ժամանակակից և աբստրակտ նկարչության միավորումն են։ Աննա Բաբայանը մեջբերում է կովկասյան ասույթը՝ «Ով չի սիրում հայրենի լեռները, չի կարող սիրել օտար դաշտերը»։ Հայազգի նկարչի աշխատանքների ցուցահանդեսը կգործի մինչ մարտի 22-ը։
Տիգրան Գրիգորյանը ծնվել և մեծացել է Շիրակի մարզի Աշոցք գյուղում, սովորել է Փանոս Թերլեմեզյանի գեղարվեստի պետական քոլեջում 1983-1987 թթ․։ Կրթությունը շարունակել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ Ավելի քան 20 տարի է բնակվում ու ստեղծագործում է Գերմանիայում, բազմիցս հանդես է եկել իր աշխատանքների ցուցադրություններով։