Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի Facebook-ի էջում գրված է․
«Ապրիլի 4-ը 2005 թվականից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հռչակվել է ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օր:
Ամեն 30 րոպեի ընթացքում ականից տուժում է մեկ մարդ, ամեն տարի զոհվում է՝ 10000, վիրավորվում 20000 մարդ: ՀՀ-ում կա ականների վտանգ ներկայացնող 4 մարզ՝ Տավուշ, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Սյունիք: Այս տարածքներում բնակվում է մոտ 35000 մարդ և նրանց կյանքն ամեն րոպե վտանգված է: Այսօր Հայաստանում ունենք ականների պայթյունից տուժած ավելի քան 700 քաղաքացի:
2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի լիազորված պետական մարմինը Պաշտպանության նախարարությունն է: Այդ օրվանից Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը Հայաստանում ցուցաբերում է ականազերծում, ականների վտանգի մասին իրազեկում և ականից տուժածներին աջակցություն:
Այս ամբողջ ընթացքում Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրն ամբողջապես ականազերծվել է՝ 58.238 քմ տարածք, որից 16.180 քմ-ն միայն 2019 թ.-ին, և վերջնականապես կիրարկման է հանձնվել: Իսկ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում իրականացվել է 111.267 քմ տարածքի ականազերծում, որից 40.400քմ՝ 2019թ.-ին: 2020 թվականին Կոռնիձորում աշխատանքները կվերսկսվեն:
2019 թվականի փետրվար 8-ից Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը մարդասիրական առաքելությամբ է հանդես գալիս նաև Սիրիայի արաբական հանրապետությունում: Ականազերծում է տարածքներ և բուժօգություն է ցուցաբերում բազմաթիվ տուժածների: Այս ընթացքում հայ սակրավորները ամբողջովին ականազերծել և Հալեպի նահանգային իշխանություններին կիրարկման են հանձնել 2 տարածք՝ 91000 քմ: Այս պահին աշխատանքները շարունակվում են: Ընդհանուր առմամբ մինչև այսօր ականազերծվել է 147.697 քմ տարածք և հայտնաբերվել է մոտ 300-ից ավելի ական ու պայթուցիկ նյութ: Իսկ մեր վիրաբույժներից, թերապևտներից, գինեկոլոգներից, մանկաբույժներից, ատամնաբույժներից, նյարդաբաններից կազմված բժիշկների խումբն իր օգնությունն է ցուցաբերել ընդհանուր առմամբ 11.891 հիվանդի: Միարժամանակ, Հալեպի բուժ հաստատություններին պարբերաբար փոխանցվում են բժշկական պարագաներ և մեծ քանակությամբ դեղորայք: “Մենք ձեզ հետ ենք”, “Մի բուռ ժպիտ” խորագրերով կազմակերպված մարդասիրական ակցիանների շնորհիվ հավաքված նվերները հանձնվել են Հալեպի հայ համանքի տեղի մանկատանը, Հայ ծերանոցին, ինչպես նաև՝ տեղի սիրիացի մանուկներին:
Ուշադրություն՝ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը մշտապես հորդորում է չհանել և չտեղաշարժել ականների մասին նախազգուշացնող նշանները, քանի որ դրանք ունեն կենսական նշանակություն»:
https://www.facebook.com/1513184855643090/photos/a.1513793555582220/2271620736466161/?type=3&__xts__%5B0%5D=68.ARDmcBc8v8oGjBiOCkdORu-cDE1zElXkkacxYOdBeKLOQZ0qkY_ErSjPdQ55s-RDFnnm0e1dfVOMU543dDPJsT-HdkyW3gu30M2C96qMDIlvfoSVysF-qmjkLMGfyC4u_YihCiUwFJHjJ0Emk5ahP7DuXVz-yyXL_H2kM_qo2dzOZuwWfx4_ndJrBgokiXyF1-UcynDQN_uVO1qqYq3EhNElB-0HwXToI2FH3jAXqiOxqjiUqm8qRVWY0aptS_vjE9AIbQQ_UxuMEm9api85TotO5M6cXtCtp3W_ZyP7czrEusn6ktJlAPIW1jo7q4_Y_llwbHMx1hWSAJ3TsY7mo_6tl8yT&__tn__=-R
