ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Վիկտոր Սմիրնովը, որը գլխավորել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի դիտորդական պատվիրակությունը ասել է, որ Հայաստանի արտահերթ ընտրություններն անցել են ազգային օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ դիտորդների արձանագրած աննշան խախտումները չեն կարողացել ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցել են ազգային օրենսդրության և միջազգային չափանիշների համաձայն: Այն աննշան խախտումները, որոնք արձանագրել են միջազգային դիտորդները, տեխնիկական բնույթ են կրել, և, անկասկած, չէին կարող ազդել կամարտահայտման արդյունքների վրա»,- ասել է Սմիրնովը:
Սմիրնովը քվեարկության օրն անձամբ այցելել է 17 ընտրատեղամաս, իսկ, ընդհանուր առմամբ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդների խումբը եղել է Հայաստանի մայրաքաղաքի և մարզերի 77 ընտրատեղամասում։
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից։

