Հայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլ, քանի որ տվյալ արբանյակային ծրագիրը հասել է իր ավարտին։ Երեքուկես տարիների ընթացքում «Արմսաթ-1» արբանյակի միջոցով ստացվել են Հայաստանի տարածաշրջանային բազմաթիվ տիեզերանկարներ՝ հնարավորություն տալով դրանք օգտագործել ինչպես գիտական, այնպես էլ համակարգային նշանակությամբ: Այս մասին մեզ տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
«Արմսաթ-1»-ի գործունեության ընթացքում ստացված փորձը և ձեռք բերված տվյալներն օգտագործվում են նոր սերնդի երկրադիտարկման և հաղորդակցության արբանյակների նախագծման աշխատանքներում։ Զուգահեռաբար սահմանվել են նոր՝ «Արմսաթ-2» արբանյակի տեխնիկական և տեխնոլոգիական պահանջները։ Աշխատանքներ են տարվում միջազգային կազմակերպությունների հետ՝ «Արմսաթ-2»-ի հանձնառությունը կյանքի կոչելու համար։

