Հունվարի 13-ից Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում նոր մրցաշրջանի ուսումնամարզական առաջին հավաքն են սկսել Հայաստանի ծանրամարտի ազգային և երիտասարդական հավաքականները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում հայտնել է, որ մեր առաջատար ծանրորդներից Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը և Ռուբեն Ալեքսանյանը փետրվարի 1-5-ը Իրանում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի:
Այնուհետև հավաքականը լրիվ կազմով կընդգրկվի Երևանում և Աբովյանում փետրվարի 20-ից մինչև ապրիլի 1-ը նախատեսված ուսումնամարզական հավաքներում:
Դրանից հետո ՀՀ տղամարդկանց և կանանց թիմերը հանդես կգան Մոսկվայում ապրիլի 1-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը,որը նույնպես վարկանիշային է:
Պարապուրդի չեն մատնվի նաև երիտասարդական հավաքականները, որոնք փետրվարի 15-ից մարզումներ կանցկացնեն մայրաքաղաքում և Աբովյանում:
«Նահանջելը պատվաբեր չէ: Ուզում ենք զարգացնել ձեռքբերումները, թեև սպորտը լի է անակնկալներով: Մենք միայն լավ մրցելույթների ենք ձգտում»,- ասել է Փաշիկ Ալավերդյանը: