fbpx
Սպորտ

ՖԻՄԱ տղամարդկանց և ԽՄՕՄՄ կանանց թիմերը՝ Հայաստանի գավաթակիրներ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում մարտի 19-21-ը կայացել է Հայաստանի վոլեյբոլի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել է տղամարդկանց և կանանց 4-ական թիմ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից:

Կանանց պայքարում լավագույն արդյունքը գրանցել է ԽՄՕՄՄ (Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց) թիմը, որը հաղթել է բոլոր մրցակիցներին՝ «Վանին», «Ավանին» և Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԲՊՀ) թիմին: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Վանը», իսկ լավագույն եռյակը եզրափակել է ԲՊՀ-ն: Գավաթի խաղարկության կանանց պայքարում լավագույն մարզիկների կոչմանն արժանացել են Վերոնիկա Կոշկարյանը (ԽՄՕՄՄ), Աննա Գալուստյանը («Վան») և Սոնա Սահակյանը (ԲՊՀ):

Տղամարդկանց պայքարում հիմնական հավակնորդ են համարվել ՖԻՄԱ (Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբ) և ԽՄՕՄՄ թիմերը, որոնց միջև կայացած վճռորոշ խաղում 3:1 հաշվով հաղթել են ՖԻՄԱ-ի վոլեյբոլիստները: Երրորդ տեղը գրավել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թիմը, իսկ չորրորդը՝ «Գյումրին»: Տղամարդկանց պայքարում լավագույն մարզիկներ են ճանաչվել Վահե Նազարյանը (ԽՄՕՄՄ), Անդրէ Սիմոնին (ՃՇՀԱՀ) և գավաթակիր թիմից Արման Միսկարյանը:

Նշենք նաև, որ արդեն տրվել է Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց 2021 թվականի առաջնության մեկնարկը (կայացել է վիճակահանությունը), որն անցկացվելու է նոր ձևաչափով՝ ապրիլ-հունիս և սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ չորս փուլով: Թիմերը հանդես են գալու մեկնումային համակարգով, խաղերը կայանալու են յուրաքանչյուր շաբաթ և կիրակի: Նույն ձևաչափը գործելու է նաև կանանց առաջնության համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ