Սեպտեմբերին Թաիլանդում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ՝ 7 տղա և 2 աղջիկ:
Այս մասին ArmSport.am-ի հետ զրույցում ասել է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Թաիլանդում մեդալների համար պայքարելու են Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը, աղջիկներից՝ Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը:
Այժմ ծանրորդները նախապատրաստական մարզումներն անցկացնում են Հայաստանում, սակայն նախատեսված է ուսումնամարզական հավաք Ուկրաինայում, որտեղից էլ հավաքականը կմեկնի մրցավայր:
Փաշիկ Ալավերդյանն ընդգծել է, որ իրենց մարզումային գործընթացը տևական ու անընդհատ աշխատանք է.
«Եվրոպայի առաջնությունից հետո սկսել ենք պատրաստվել Աշխարհի առաջնությանը: Սա անընդհատ աշխատանք է. մայիսին էլ ենք հավաքներ ունեցել, հունիսին էլ, հուլիսին էլ, այժմ էլ: Սեպտեմբերին ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ուկրաինայում, որից հետո կուղևորվենք Թաիլանդ: Կազմը 99 տոկոս պատրաստ է: Հույս ունենք՝ վնասվածքներ չեն լինի:
Աղջիկներն իրենց մարզումները կշարունակեն այստեղ, մենք կմեկնենք Ուկրաինա: Հետո աղջիկները կմիանան մեզ և կմեկնենք Թաիլանդ», – ասել է Ալավերդյանը:
Մարզիչը սպասելիքների մասին չի խոսում, բայց նշում է, որ մրցավայր պետք է մեկնեն մարտական տրամադրվածությամբ, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի:
Ծանրամարտի Աշխարհի առաջնությունը կայանալու է սեպտեմբերի 18-27-ը, Թաիլանդի Պատայա քաղաքում:
