fbpx
Սպորտ

Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ը հաստատեց Շախմատի համաշխարհային օր

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան «Սպորտը զարգացման և խաղաղության համար» և «Խաղաղության մշակույթը» օրակարգի կետերի ներքո միաձայն ընդունեց «Շախմատի համաշխարհային օր» խորագրով բանաձև, որով հուլիսի 20-ը հռչակվում է որպես շախմատի համաշխարհային օր։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Բանաձևը, որը համահեղինակել են ՄԱԿ 53 անդամ պետություններ, ճանաչում է շախմատի ընձեռած հնարավորությունները Կայուն զարգացման 2030 Օրակարգի իրականացման, այդ թվում՝ կրթության զարգացման, կանանց և աղջիկների կարողությունների ամրապնդման, ներառականությանը, փոխըմբռնմանը և հարգանքին նպաստելու գործում։ Այն նաև ամրագրում է, որ շախմատը՝ որպես արդարությանը, ներառականությանը և փոխադարձ հարգանքին նպաստող խաղ, կարող է դրական դեր ունենալ ժողովուրդների միջև հանդուրժողականության և փոխըմբռնման միջավայր ձևավորելու առումով։ ՄԱԿ անդամ պետություններին, ՄԱԿ համակարգի մարմիններին, այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին, գործարար շրջանակներին և քաղաքացիական հասարակությանը կոչ է արվում նշել շախմատի համաշխարհային օրը և տարածել շախմատի առավելությունները, այդ թվում՝ կրթության և հանրային իրազեկման միջոցով։

Ներկայացնելով բանաձևը՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշեց, որ շախմատը, հանդիսանալով հնագույն և համաշխարհային ճանաչում ունեցող մտավոր խաղերից մեկը, նպաստում է սոցիալական, քաղաքական և ռասայական անջրպետների հաղթահարմանը, նախապաշարմունքները փոխելուն և խտրականության դեմ պայքարին։Անդրադառնալով Հայաստանի ազգային ջանքերին շախմատի հանրայնացման գործում՝ ՀՀ դեսպանն ընդգծեց, որ շախմատը հայկական մշակույթի էական մասն է՝ հիշատակելով օլիմպիական և աշխարհի չեմպիոնի տիտղոսների նվաճումը հայ գրոսմայստերների կողմից։

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից Շախմատի համաշխարհային օրվա սահմանումը կարևոր հարթակ կընձեռի երկխոսությունը, համերաշխությունը և խաղաղության մշակույթն առաջ մղելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ