fbpx
Քաղաքականություն

22:00 15/5/2019

Հայաստանին և Ռուսաստանին միավորում է դարավոր բարեկամությունը և այն անքակտելի է. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամներ Տիգրան Կարապետյանը, Վարդան Վարդանյանը և ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը մայիսի 15-ին հանդիպել են ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակության հետ:

Ողջունելով ռուսաստանցի գործընկերներին ՀՀ Ազգային ժողովում՝ Անդրանիկ Քոչարյանը շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ նախադեպը չունեցող պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար հայորդի, որոնք իրենց մեծ ներդրումն են ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում:

Հանձնաժողովի նախագահը համառոտ ներկայացրել և կարևորել է անկախացումից հետո հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը, երկու երկրների միջև կնքված փաստաթղթերը, որոնք հիմք են ռազմավարական փոխգործակցության: Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է պաշտպանության, տնտեսության, մշակույթի բնագավառներում և քաղաքական դաշտում համագործակցությունն ու զարգացման ուղիները:

Կարևոր է համարվել նաև միջխորհրդարանական կապերի սերտացումը և այդ համատեքստում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական հանդիպումները:

Նշվել է, որ պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվում են նոր ծրագրեր, սակայն կան օրենսդրական խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ տարվում են աշխատանքներ:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Սերգեյ Արենինը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում կարևոր է համարել հանձնաժողովների միջև կառուցողական գործակցությունն ու շարունակականությունը:

Պատվիրակության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ռուս-հայկական դարավոր բարեկամությունն առավել կամրանա և կհզորանա:

Քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ, պաշտպանության բնագավառի զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր:

Վերեվ