ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2019 թվականի հոկտեմբերի 16-20-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին:
Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն այս տարի նվիրված է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության հետ Ֆրանկֆուրտ կմեկնեն «Անտարես», «Զանգակ», «ԵՊՀ», «Էդիթ պրինտ», «Սբ Էջմիածին», «Ջի Էս Էմ» հրատարակչությունները, «Առաջին» գրական գործակալությունը: Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվի «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը (որով նախարարությունն աջակցում է արտերկրի հրատարակչություններին՝ հայ դասական և ժամանակակից գրականություն հրատարակելու համար), տեղի կունենան շնորհանդեսներ, քննարկումներ:
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, 3.0 սրահում՝ «Frankfurt Authors Stage»-ում տեղի կունենա «Գրականությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները» թեմայով քննարկում: Բանախոսներն են արձակագիր Նորայր Սարգսյանը (հեղինակի «Չինական պատ» պատմվածքների ժողովածուն այս տարի արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի) և բանաստեղծ Անահիտ Հայրապետյանը («Թաբու», «Սիրուն» բանաստեղծությունների ժողովածուների հեղինակ, լուսանկարիչ): Գերմանախոս ընթերցողները հնարավորություն կունենան ծանոթանալ հեղինակների ստեղծագործությունների գերմաներեն հատվածական թարգմանություններին:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, 4.1 սրահում՝ «The ARTS+ Stage»-ում տեղի կունենա Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» գրքի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել ավստրիական «Wolfgang Hager» հրատարակչությունը. թարգմանիչ՝ Ագապի Մկրտչյան, խմբագիր՝ Հելմութ Մալոնեկը: Գրքի նկարազարդումների հեղինակները գերմանացի և հայ դպրոցականներ են:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, 4.1 սրահում՝ «The ARTS+ Stage»-ում, տեղի կունենա «4 Պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնի հրատարակած «Բացիկներ Արցախից» լուսանկարների տուփ-գրքի շնորհանդեսը: Հիսունչորս բացիկները ներկայացնում են արցախցիների առօրյա կյանքից դրվագներ: Հավաքածուում ներառված են Անահիտ Հայրապետյանի, Նազիկ Արմենակյանի, Նելլի Շիշմանյանի և Փիրուզա Խալափյանի լուսանկարները:
Հայկական տաղավարը հարթակ է հայաստանյան և արտերկրի հրատարակչությունների, գրական գործակալությունների, թարգմանիչների և գրողների համար: Հանդիպումները հնարավորություն են տալիս հրատարակչություններին և գրական գործակալներին գնելու և վաճառելու ստեղծագործողների հեղինակային իրավունքները: ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ գրատարածման, հայ գրականությունն արտերկրում ճանաչելի դարձնելու քաղաքականությունը միտված է խթանելու հասարակության ստեղծագործական ներուժի դրսևորումը, գրական դաշտի օղակների հավասարաչափ զարգացումը, գրական-մշակութային ժառանգության պահպանումը, տարածումը և հանարհռչակումը, ոլորտում միջազգային համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
Ազդագրերը ներբեռնել այստեղ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։