fbpx
ՏՏ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «N2» համաժողովը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 10-12-ը Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով «N2» համաժողովը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացվեցին համաժողովի անցկացման մանրամասները։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը նշեց, որ «N2» համաժողովը միջոցառումների շարք է, որի նպատակն է ստեղծել հարթակներ առաջատար ոլորտի փորձագետների, ցանցային օպերատորների, ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինտերնետի և ՏՀՏ համայնքի այլ ներկայացուցիչների համար` ընդհանուր հետաքրքրությունները և գաղափարները քննարկելու, ոլորտի նոր միտումների մասին տեղեկանալու, փորձի փոխանակման և համագործակցության հնարավորությունների բացահայտման նպատակով։

«Նոր ձևավորված նախարարության առաջնահերթություններից է Հայաստանում թվային տնտեսության զարգացումը, որի համար շատ կարևոր են նման նախաձեռնությունների իրականացումը: Թվային տնտեսության զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը ինտերնետի, ինտերնետային ենթակառուցվածքների զարգացումն է Հայաստանում` ինչպես Հայաստանի տարածքում ինտերնետի որակի և տարածվածության, այնպես էլ Հայաստանը ինտերնետի տարանցիկ երկիր դարձնելու համատեքստում: Մենք շատ կարևորում ենք այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը»,-ընդգծեց նախարարի տեղակալը:

«N2» համաժողովի շրջանակներում ներառված է 6 միջոցառում՝ Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF), Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, Արևելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը, «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop):

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը տեղեկացրեց, որ «Ցանցային օպերատորների խմբի համաժողով»-ն անցկացվելու է առաջին անգամ, որում ընդգրկված թեմաները կնպաստեն` հասկանալու թվային ապագայի արդի մարտահրավերներն ու հնարավորությունները, թվային հասարակության և ենթակառուցվածքների զարգացման համար ինտերնետի դերը, կիբեռանվտանգության, տվյալների գաղտնիության ապահովման և պաշտպանության կարևորությունը:

Քրիստինե Գյոնջյանը նաև նշեց, որ առաջին անգամ Հայաստանում անցկացվում է «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, իսկ «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը հնարավորություն կտա ոլորտով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչներին և անհատներին ստեղծելու հարթակ, որտեղ կքննարկվեն առկա մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնց բախվում են Իրերի ինտերնետի մշակողները և օգտատերերը:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյանը ներկայացրեց, որ Հայկական Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովի օրակարգը ներառում է տվյալների տեղայնացմանը, թվային ապագայի զարգացմանը, կիբեռանվտանգությանը, գաղտնագրմանն առնչվող մի շարք արդիական հարցեր: Նա նաև հավելեց, որ ICANN կազմակերպության և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով կազմակերպվող Արևելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը տարածաշրջանային կարևոր միջոցառում է, որտեղ համաշխարհային փորձագետների մասնակցությամբ կքննարկվեն DNS էկոհամակարգի անվտանգության, կայուն աշխատանքի հիմքերը և բազմալեզու ինտերնետի հնարավորությունները։

Համաժողովի կազմակերպիչներն են՝ Հայաստանի օպերատորների միությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, ICANN ընկերությունը (Հատկացված անունների և համարների Ինտերնետ կորպորացիա), «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, «RIPE NCC» ընկերությունը, «IoT» հետաքրքրությունների խումբը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ