«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավում» ծրագրի շրջանակներում վարքագծային ազդեցության համար հաղորդակցման (COMBI) ռազմավարությունը և դրա հիման վրա ճանապարհային անվտանգության քարոզարշավի իրականացման ծրագիրը։ Նշենք, որ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից Եվրոպական ներդրումային բանկին փոխանցված «Հարևանության ներդրումային հարթակ» դրամաշնորհի միջոցով։
Քարոզարշավի իրականացումը համակարգում է Եվրոպական ներդրումային բանկը՝ հաղորդակցման ծառայություններ մատուցող «Օգիլվի Սոշըլ Լաբ»-ի տեղական թիմի՝ Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի միջոցով։
Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, ճանապարհային ոստիկանության, ԵՆԲ, Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցիչներ։
Փոխնախարար Բագրատ Բադալյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կարևորեց Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի և դրա շրջանակներում երթևեկության մասնակիցների վարքի փոփոխությանն ուղղված քարոզարշավի անցկացումը։ «Մենք համոզված ենք, որ ավելի տեղեկացված քաղաքացիներ ունենալով՝ կարող ենք էապես բարելավել ճանապարհային անվտանգության մակարդակը։ Ճանապարհային անվտանգության հիմնախնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և մենք բոլոր ջանքերը կենտրոնացնում ենք՝ ցանկալի արդյունք ունենալու համար»,- ասաց պարոն Բադալյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով Եվրամիությանն ու Եվրոպական ներդրումային բանկին տեխնիկական և ֆինանսական աջակցության համար։
Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին նշեց, որ իրականացվող ծրագիրն ուղղված է ավտովթարների և դրանց հետևանքով վիրավորների և մահացությունների թվի նվազեցմանը։ Նա նաև նշեց, որ ճանապարհային անվտանգության մակարդակը կարելի է բարձրացնել որոշ ինտերակտիվ մեթոդներով, մասնավորապես, բջջային հավելվածի, ճանապարհային անվտանգությանը նվիրված խաղերի միջոցով։ Փոխնախարար Բագրատ Բադալյանն իր հերթին տեղեկացրեց, որ Հայաստանում արդեն իսկ աշխատում են համանման բջջային հավելվածի վրա։ Այն արդեն հասանելի է, և հնարավոր է ներբեռնել։ Կոչվում է Armenian Roads Map, որի նպատակն է ճանապարհներից օգտվողներին իրազեկել առկա ճանապարհաշինական աշխատանքների, ձմռան շրջանում տեղումների և հարակից այլ թեմաների մասին։ Քարտեզը ներառելու է նաև ճանապարհները սպասարկող և այլ կազմակերպությունների տվյալներ։
Փոխնախարարը հավելեց, որ հաշվի առնելով պարոն Բաջջիոլիի բերած օրինակը, կփորձեն առաջիկայում կատարելագործել բջջային հավելվածը՝ այնտեղ ներառելով ճանապարհային անվտանգության որոշ բաղադրիչներ նույնպես, մասնավորապես՝ որոշակի խաղեր և հարցաշարեր, որոնք հատկապես կհետաքրքրեն երեխաներին։ Այս քայլը կնպաստի, որպեսզի հավելվածն օգտագործեն նաև երեխաները՝ բարձրացնելով նրանց գիտելիքները ճանապարհային անվտանության վերաբերյալ։
ԵՆԲ կորպորատիվ հաղորդակցության պատասխանատու Նիկոլետա Պանտան շեշտեց, որ ճանապարհային անվտանգությունը միայն այս կամ այն գերատեսչության խնդիրը չէ, այն առնչվում է բոլորիս, և այս հարցը պետք է լուծում գտնի համատեղ ջանքերի շնորհիվ։ Տիկին Պանտան հավելեց նաև, որ յուրաքանչյուր մարդ գիտի, որ չի կարելի գերազանցել սահմանված արագությունը, չի կարելի ոչ սթափ վիճակում կամ առանց ամրագոտի կապելու մեքենա վարել, սակայն շարունակում են դա անել։ Եվ այս քարոզարշավի շրջանակներում պետք է փորձեն համոզել մարդկանց կատարել պարզագույն գործողություններ, որոնք կարող են կանխարգելել ողբերգական դեպքերը ճանապարհային երթևեկության ժամանակ։
Ներկաները մանրամասն քննարկեցին ճանապարհային անվտանգության քարոզարշավի իրականացման ծրագիրը, ռազմավարական գործողությունների պլանը, յուրաքանչյուր գերատեսչության անելիքները և այլն։
Աշխատանքային խորհրդակցության ավարտին կողմերի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։