Հայաստանի ներդրումը բարձր է գնահատվում ՆԱՏՕ-ի առաքելությունների մասնակցության հարցում, այդ թվում և խաղաղապահ առաքելություններում, ինչես նաև ՆԱՏՕ-ի համակարգից դուրս` ՄԱԿ-ի առաքելություններում: Այս մասին Երևանում անցկացված ասուլիսի ընթացքում հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Նա այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանի մի քանի պաշտոնյաների հետ ու եկել եզրակացության, որ և´ Հայաստանը, և´ ՆԱՏՕ-ն փաստորեն համակարծիք են երկկողմ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է այս օրերի պայմանավորվածություններին, ապա Ապատուրայն ասաց, որ Հայաստանը օժանդակության կարիք է հայտնել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, և ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցություն տրամադրել այս հարցում: Այս ոլորտում այսօրվա այցը ևս մեկ լրացուցիչ քայլ է այս ուղղությամբ համագործակցության համար: