ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այսօր հայտարարեց, որ Իրանի կողմից Թուրքիայի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռի միջադեպը լուրջ էր, սակայն այն չի հիմնավորում Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածի ակտիվացումը։ Ռյուտենի խոսքով՝ չնայած միջադեպի լրջությանը, ՆԱՏՕ-ի հավաքական արձագանքման մեխանիզմը գործի դնելու անհրաժեշտություն չկա։ Նա ընդգծեց, որ դաշինքի անդամները չեն քննարկում 5-րդ հոդվածի կիրառումը և կարևոր է, որ հակառակորդները տեսան ՆԱՏՕ-ի ուժն ու զգոնությունը։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանից արձակված հրթիռը, որը անցել էր Սիրիայի և Իրաքի տարածքով, ոչնչացվել է ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։ Իրանը, սակայն, հերքել է Թուրքիայի ուղղությամբ հրթիռ արձակելու փաստը և ընդգծել է հարևան երկրի ինքնիշխանության նկատմամբ հարգանքը։ Ռյուտեն նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն մասնակցում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին, սակայն ապահովում են անհրաժեշտ աջակցություն։ Նա կոչ է արել Իրանին զերծ մնալ սպառնալից հռետորաբանությունից և խուսափել լարվածություն մեծացնող քայլերից։

