Ինչպես հայտնի է, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:
Կողմերը նախնական համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը:
Կողմերը պայմանավորվել են սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև՝ համաձայնության եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը:
Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: