fbpx
Տնտեսություն

Հայկական ԱԷԿ-ը հանգիստ կաշխատի մինչև 2026թ․-ը․ Բրեդով

Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային համակարգը մինչև 2026 թվականը կարող է հանգիստ աշխատել։ Այս մասին, մեկնաբանելով հայկական ԱԷԿ-ի պլանային-նախազգուշական նորոգումից հետո երկրի էներգահամակարգին միանալու մասին տեղեկությունը, ասել է հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսաստանյան կողմի ղեկավար Վլադիմիր Բրեդովը՝ հղում անելով ռուսաստանյան փորձագիտական կազմակերպությունների եզրակացություններին։

Բրեդովը նշեց, որ եզրակացությունը ստացվել է ըստ շահագործման հսկողության և անհրաժեշտ ինժեներական հաշվարկների։ Ռեակտորային համակարգին զուգահեռ հետազոտվել է մոտ 5 հազար միավոր սարքավորում, որոնց մասով կա՛մ հաստատվել է մինչև 2026 թվականը շահագործելու հնարավորությունը, կա՛մ առաջարկվել դրանք փոխարինել նորերով։

«Այսօր ամբողջությամբ փոխված են մեքենայացված սրահի սարքավորումները, ինչը թույլ է տվել նույն ծախսերով մինչև 15% ավելացնել էներգիայի գեներացումը։ Աշխատանքները շարունակվում են, և կարելի է ասել, որ նախագծի արդյունքում Հայաստանը կունենա նորագույն սարքավորումներով հագեցած ու անվտանգության համաշխարհային չափանիշներին համապատասխանող ԱԷԿ։ Այդ ամենը հնարավոր կդառնա հայ և ռուսաստանցի միջուկային մասնագետների ներդաշնակ աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի արդյունքում միայն»,-ասաց Վլադիմիր Բրեդովը։

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի խոսքով՝ պլանային-նախազգուշական նորոգումից հետո, հայ և ռուս մասնագետների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, հայկական ԱԷԿ-ը երկրի էներգահամակարգին է միացել նախատեսված ժամկետից 60 ժամ առաջ։

«Հայկական ԱԷԿ-ը ՀՀ-ի համար ռազմավարական նշանակության օբյեկտ է, այսօր կայանում արտադրվում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան 1/3-ը։ Երկրի բնակչությանն ընդունելի սակագնով էլեկտրաէներգիայի ապահովումը մեզ համար էներգետիկ և տնտեսական անվտանգության հարց է»,-նշեց Հակոբ Վարդանյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ