Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայի պատգամավորների պալատի որոշմանը և Ֆրանսիայի նախագահի հրամանագրին։
Նա Twitter-ում գրառում է կատարել, որում նշել է, որ Հայոց ցեղասպանության թեման պետք է հանել Իտալիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի խորհրդարաններից:
«Հայոց ցեղասպանությունը պետք է դարձնել այն երկրի թեման, որտեղ այդ հանցագործությունը տեղի է ունեցել: Այսինքն այն պետք է դարձնենք Թուրքիայի խորհրդարանի հարցը»,- գրել է Փայլանը:
Հայ պատգամավորի դիտարկմամբ` հայ ժողովրդի վերքը կարող է ապաքինվել միայն այն դեպքում, երբ Թուրքիայում արդարություն կգտնվի: Արևմտյան Հայաստանի հայերը արդեն 104 տարի է` արդարության են սպասում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել էր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։