Սեպտեմբերի 2-ից 8-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 168 մեքենա, որոնցից 12-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։
Մեկ տրասնպորտային միջոցի վրա, առանց համապատասխան թույլտվության, տեղադրված է եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում, մյուսենրի վարորդները թույլ են տվել ճանապարհային երթևեկության կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 33 մեքենա։ 17-ի վարորդները խախտումը վերացրել են՝ տեղում պոկելով դիմապակու թաղանթը։
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 77 մեքենա։ 56-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 3, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 14, թաղանթապատված դիմապակիով 69 տրանսպաորտային միջոց։ 109 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։