Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ հուլիսի 24-ին ՄիԳ-29 ռազմական օդանավի կործանման պատճառը թռչունի հետ բախումն է:
Ավիաաղետից մոտ մեկ ամիս անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ի վերջո պարզել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ օդանավի հետ կապի հանկարծակի ընդհատման պատճառը, ինչից հետո այն անհետացել է ռադարներից և ընկել Կասպից ծովը:
«Հետաքննությունը պարզել է, որ օդանավը ծովն ընկնելուց առաջ բախվել է օտար օբյեկտի՝ թռչնի կամ թռչունների երամի, ինչի հետևանքով օդաչուն վնասվածքներ է ստացել», – «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: «Սև արկղի» տվյալների համաձայն, օդաչուն փորձել է վերականգնել օդանավի կառավարումը՝ վթարը կանխելու համար, սակայն ծանր մարմնական վնասվածքները դա անհնարին են դարձրել, ինչն էլ հանգեցրել է օդանավի կործանմանը», – նաև հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
«Թուրան»-ը նշում է, որ հստակ չէ՝ արդյոք թռչնի հետ բախվելու հետևանքով կարող էր ջարդվել օդանավի պատուհանը և ծանր մարմնական վնասվածքներ հասցնել օդաչուին: