Եվրամիությունը Մեծ Բրիտանիայում նոր դեսպան է նշանակել, որը դիվանագիտական առաքելությունը կգլխավորի Brexit-ից հետո:
ԵՄ դեսպանությունը կգլխավորի պորտուգալացի փորձառու դիվանագետ Ժոաո Վալե դե Ալմեյդան: Նա Լոնդոն կժամանի փետրվարին:
Նրա նշանակման մասին տեղեկացրել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ մասնավորեցնելով, որ Լոնդոնում ԵՄ ներկայացուցչությունը պատասխանատու է լինելու նաև Հյուսիսային Իռլանդիայի համար:
Ժոաո Վալե դե Ալմեյդան 2010-14 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնը, այնուհետև եղել է ԵՄ դեսպանը ՄԱԿ-ում:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ԵՄ ղեկավարությունը ստորագրել է Brexit-ի շուրջ համաձայնագիրը: Միացյալ Թագավորության՝ ԵՄ կազմից դուրս գալու պաշտոնական ամսաթիվը հունվարի 31-ն է, որից հետո կսկսվեն Լոնդոնի և Բրյուսելի միջև առևտրային բանակցությունները: