ՀԲՖ նախագահ. Արսեն Ջուլֆալակյանին խորհուրդ կտամ արդեն եղած նախագիծը որպես իր միտք չներկայացնել

Հրապարակող՝

ՀԲՖ նախագահ. Արսեն Ջուլֆալակյանին խորհուրդ կտամ արդեն եղած նախագիծը որպես իր  միտք չներկայացնել

Ամենադիտվածներ

Արսեն Ջուլֆալակյանին խորհուրդ կտամ արդեն եղած նախագիծը որպես իր նոր միտք, հերոսություն չներկայացնել: Ազգային հավաքականներում եղած տարիները որպես մարզիկների աշխատանքային ստաժ ճանաչելու մտահաղացումն իմն է եղել և նախագծի վրա արդեն կա կատարված ծավալուն աշխատանք: Եթե պետք է, կարող եմ տրամադրել, ավարտին հասցնի նախագիծը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանը:

ՀԲՖ նախագահը գովելի է համարում Ազգային ժողովում մարզաշխարհի ներկայացուցիչ ունենալը: «Իմ Քայլը» դաշինքից պատգամավոր է ընտրվել հունահռոմեական ոճի ըմբիշ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, որն օրենսդիր աշխատանքը համատեղում է մարզիկի կարիերայի հետ:

«Բազմիցս արտահայտվել եմ նոր կառավարության, ղեկավարության մասին, որ շատ եմ ուզում՝ նրանք հաջողեն և պատրաստ եմ ամեն ինչով օգտակար լինել: Ցավոք՝ ոչ բոլոր ոլորտներում եւ ուղղություններով կարելի է հպարտությամբ խոսել. վտանգներ եւ մտահոգություններ կան: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի:

Շատ գովելի է, որ Ազգային ժողովում ունենք մարզաշխարհի ներկայացուցիչ՝ ի դեմս Արսեն Ջուլֆալակյանի: Հուսամ՝ նրան կհաջողվի ավարտին հասցնել մեր կիսատ թողած գործերը:

Սակայն, օրերս աչքովս ընկավ Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունն այն մասին, որ նա հանդես կգա հավաքականներում եղած տարիները մարզիկների աշխատանքային ստաժ համարելու նախագծով եւ հայտնել էր, որ այդ ուղղությամբ կաշխատի:

Ուզում եմ Արսեն Ջուլֆալակյանին տեղեկացնել, որ այդ աշխատանքն արդեն արված է, ԱԺ-ում այդ նախագիծն արդեն ներկայացվել է, աշխատանքը տարվել է, գոյություն ունի արդեն իսկ աշխատած, սոցապնախարարության, միջազգային մասնագետների հետ ստեղծած մեծածավալ փաթեթ: Այս նախագծի նախաձեռնողներից մեկը սպորտի մասով ես եմ եղել: Պիտի խնդրեմ Արսենին շարունակել և ավարտին հասցնել այդ աշխատանքը: Եթե կհաջողի, գովելի կլինի, բայց պետք չի ներկայացնել, որպես նոր միտք, որպես հերոսություն:

Նախագիծը վերաբերվել է ոչ միայն մարզիկներին, այլ նաեւ ուսանողներին: ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանի առաջարկով նախագծում մեր կողմից առաջարկվել է նաեւ ուսանողների պրակտիկան ճանաչել որպես աշխատանքային ստաժ: Այս նախագծի վրա աշխատել ենք ես և Արման Սաղաթելյանը:

Սրա մասին մենք՝ Արսենի հետ, բազմիցս խոսել ենք: Մենք լավ հարաբերություններ ունենք, բայց ուզում եմ ասել, որ այդ նախագիծը նորություն չէ, և դա իմ միտքն է եղել: Նախագծի փաթեթն ինձ մոտ է: Եթե ցանկություն կա աշխատել այս նախագծի վրա, միայն ուրախ կլինեմ տրամադրել արդեն կատարված ծավալուն աշխատանքը:

Ի դեպ, գովելի է նաև, որ Արսեն Ջուլֆալակյանը համատեղում է օրենսդիր մարմնում իր աշխատանքը մարզական կարիերայի հետ: Սա աննախադեպ քայլ է Հայաստանի պատմության մեջ: Լիահույս եմ, որ նա մարզական կարիերայում կշարունակի բարձր նվաճումներ ունենալ և դրան զուգահեռ հաջող աշխատանք տանել օրենսդիրում»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Ամենաթարմ