Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) էական խթան հաղորդեց իր «ՀԲԸՄ-ն հանուն Արցախի» հիմնադրամին, որը իրենից ներկայացնում է Արցախում սոցիալ-տնտեսական կայուն աճի քառուղի ռազմավարություն՝ կառուցված կրթության, մշակույթի, մարդասիրական օգնության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտի ծրագրերի շուրջ:
ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը, հավատացած լինելով, որ տնտեսության կայուն աճը նույնքան բացառիկ նշանակություն ունի Արցախի գոյատևման համար, որքան խաղաղության շուրջ բանակցությունները և ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը, նշեց. «Մարդկանց համար ավելի բարեկեցիկ կյանք ապահովելու հետ մեկտեղ, ուժեղ տնտեսությունը նշանակում է նաև առավել զորեղ զինված ուժեր և, ի վերջո, ավելի ապահով հայրենիք»:
Հիմնվելով պատերազմից բզկտված ու շրջափակման մեջ գտնվող երկրում տասնամյակներ շարունակ մարդասիրական և սոցիալ-տնտեսական նախաձեռնություններին իր ցուցաբերած աջակցության վրա՝ «ՀԲԸՄ-ն հանուն Արցախի» հիմնադրամը պաշտոնապես հիմնվել է 2018թ.՝ որպես հովանի կազմակերպություն, որը լավագույնս արտացոլում է ծրագրերի փոխկապակցվածությունը՝ հանուն ազգային վերածննդի. սկսած 2016-ի ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ շտապ բուժօգնության տրամադրումից մինչև նորարարների գալիք սերնդի կրթում Ստեղծարար տեխնոլոգիաների ԹՈՒՄՈ կենտրոնի հետ համագործակցության միջոցով, արժանավոր ուսանողներին համալսարանական կրթաթոշակների տրամադրում, աջակցություն զինված ուժերի սպաների կրթությանը և՛ մարտական, և՛ ոչ մարտական ծառայության պայմաններում: Մշակութային ասպարեզում Հիմնադրամը շարունակում է աջակցել Արցախի կամերային նվագախմբին, որը Հիմնադրամի օգնությամբ ստեղծվել է 2004թ.: Այդ ժամանակից ի վեր նվագախումբը շրջագայել է աշխարհով մեկ՝ իր համաշխարհային հաջողության շնորհիվ ուղի հարթելով Արցախի նոր երաժշտական դպրոցի համար: Հիմնադրամը 2018-ին հավելել է երկու նոր գյուղատնտեսական նախաձեռնություն՝ ՀԲԸՄ «Հուսո դաշտերը» և ՀԲԸՄ «Ձիթենու այգիները»: Երկուսն էլ նախատեսված են գյուղատնտեսներին, այդ թվում՝ սիրիահայ ընտանիքներին հզորացնելու համար, որպեսզի նրանք Արցախը վերածեն արտադրության ոլորտի «առատության եղջյուրի», ընդ որում, ոչ միայն բնակչությանը տեղում պահելու, այլև տարածաշրջանային առևտրի հնարավորություններ ստեղծելու նպատակով:
Հիմնադրամի ջանքերը բազմապատկելու մասին հայտարարելու հետ մեկտեղ, ՀԲԸՄ-ն ներդրել է երկու նոր հավակնոտ ծրագիր՝ ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը և ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագիրը, որոնք նպատակ ունեն խթանելու տնտեսական գործունեությունը և նվազեցնելու աղքատությունը: ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագիրը մասնագիտական զարգացմանն ուղղված նախաձեռնություն է, որը օգնում է տարբեր կրթություն և հմտություններ ունեցող արցախցիներին՝ ստեղծել եկամտի առավել կայուն և շահավետ աղբյուրներ՝ սեփական զբաղվածությունն ապահովելու և աշխատանք գտնելու հնարավորությունների ընդլայնման միջոցով: Ծրագիրը նաև նպատակ ունի վերապատրաստումների միջոցով զարգացնել պետական ծառայողների մասնագիտական հմտությունները, ինչպես նաև Արցախի փոքր և միջին ձեռնարկությունների համար օգնել առավել նպաստավոր միջավայր ձևավորել:
Շարունակություն կարող եք կարդալ այստեղ։

