fbpx
Քաղաքականություն

Հերիք է արժեզրկեք ինքնիշխանության համար պայքարը՝ չարաշահելով այն զուտ քարոզչական նպատակներով. Հրանտ Տէր-Աբրահամեան

Facebook-ի օգտատեր Հրանտ Տէր-Աբրահամեանը գրառում է արել, որում ասվում է.

«Ուզում եմ դիմել իմ այն ընկերներին, որոնք ցայսօր դեռ ապրում են այն պատրանքի մեջ, թե ընտրելով կամ սատարելով ներկա իշխող թիմին, իրենք պայքարում են հանուն Հայաստանի անկախության:

Խոսքս բնականաբար այն մարդկանց մասին է, որոնք չունեն որևէ շահ, այլ անկեղծ են իրենց դիրքորոշման մեջ:
Նաև՝ բավականաչափ ճանաչում են ինձ, որ հասկանան, որ ինձ համար Հայաստանի անկախությունը զուտ քաղաքական դիրքորոշում չէ, այլ հավատամք:

Իմ խոսքս ընկերական է, և խնդրում եմ դա ընդունեք որպես այդպիսին: Մի պահ փորձեք այլ հայացքով նայել իրավիճակին, և պարզապես լսել դրա մասին այլ կարծիք, քանի ուշ չէ:

1. Հնարավոր չէ երկիրն անվերջ կառավարել, և մարդկանց դիրքորոշում պարտադրել “Ռոբի” կամ ռուսի վախով:
Նախ՝ դա անսպառ ռեսուրս չէ:
Երկրորդ՝ դա մի օր թարս է բուսնելու, որովհետև անընդատ ուժ է տալիս հենց “Ռոբի” և նրա հետ կապված գործոններին:

Երրորդ ու ամենա կարևոր՝ դա երկիրը պահում է հավետ փակուղու մեջ, զրկում է հեռանկարից, և մենք տարին տարիի հետևից ենք կորցնում: Միակ ելքը՝ այդ պարտադրված խաղից դուրս գալն է, նախևառաջ հոգեբանորեն:

2. Հերիք է արժեզրկեք ինքնիշխանության համար պայքարը՝ չարաշահելով այն զուտ քարոզչական նպատակներով: Ներկա կառավարությունը չի տանում ինքնիշխանության պայքար, նույնիսկ չգիտի թե դա ինչ է, բայց դրա փոխարեն ամենա էժան շահագործմանն է ենթարկում այդ տերմինը: Եթե ձեզ համար իրոք թանկ է Հայաստանի ինքնիշխանությունը, ստոպ տվեք այդ խաղին մասնակցելուց:

Հայաստանը կարող է ինքնիշխանության համար պայքար սկսել միայն մեկ դեպքում, եթե հայ ժողովուրդը նորից վերածվի ուժային գործոնի, և կարողանա դիմադրել իր դեմ ուղղված մեծապետական քաղաքականության գլխավոր գործիքի՝ Ադրբեջանի բանակի դեմ: Մնացածը ոչ թե պայքար է հանուն ինքնիշխանության, այլ մանկապարտեզ:
Գիտեմ, որ հատկապես այդ պնդումս դժվար թե ընդունեք, բայց դա կոշտ իրականություն է:

3. Հինգերորդ շարասյան փաստարկը ոչ միայն չի աշխատում, այլ ճիշտ հակառակ էֆեկտն ունի:

Ես այն մարդկանցից եմ, որ դեռ 2020-ի պատերազմից առաջ և դրա ընթացքում անընդատ նշում էի, որ Հայաստանում գործում է թշնամու հետ կապի մեջ մտած դավաճանական ցանց, որոնց մեջ հայտնի քաղաքական ֆիգուրներ են: Բայց եթե երեք տարի անց՝ դուք ասում եք, որ երկրում կա հինգերորդ շարասյուն, որ դա ոչ թե ոչնչացած է, այլ մի բան էլ քաղաքական լուրջ դիրքեր ունի, ուրեմն, նա, ով ունի լծակներ, և չի ոչնչացրել դավաճաններին ոչ միայն պարզապես անպիտան է, այլև՝ համագործակից ու հանցակից է: Հասկացեք, սա պարզ տրամաբանություն է: Չի կարող երկրոմ լինել հինգերորդ շարասյուն, դրա գոյության մասին հայտարարվի ամենա բարձր մակարդակով, ու այդքանից հետո դա նստի երկրի ԱԺ-ում, ֆինանսապես բարգավաճի և այլն: Դա նոնսեսն է:
Իրականությունն այն է, որ այս կարևոր թեման ևս դարձել է պարզունակ քաղաքական մանիպուլյացիայի թեմա:

4. Չի կարելի անվերջ անպատասխանատվություն սերմանել: Ներկա իշխող թիմը մարսեց պարտությունը պատերազմում, որը շատերդ արդարացրեցիք: Սա ցավոտ թեմա է, որի շուրջ ձեզ հետ համաձայն չեմ, բայց թողնենք այս պահին դա մի կողմ:

Երեք տարի է անցել: Իշխող ուժը հայտարարել էր խաղաղության դարաշրջանի քաղաքական ստրատեգիա:
Բայց եթե նույնիսկ այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, չի կնքվում խաղաղության պայմանագիր, նույնիսկ կենգուրուին պետք է պարզ լինի, որ երեք տարվա քաղաքական կուրսը վերջնականապես ձախողվել է: Եվ որ հարցը Ղարաբաղը չէ ու երբեք չի եղել, այլՀայաստանը: Որ պատերազմը ոչ թե Ղարաբաղյան էր, այլ անկախության, և դա շարունակվում է:

Երեք տարվա քաղաքական կուրսի վերջնական ձախողումն այն փաստն է, որից գրեթե ոչ ոք չի խոսում, բայց դա առավել կարևոր քաղաքական իրողությունն է վերջի ամիսների: Դա չտենսել, չհասկանալ, նշանակում է ոչինչ չմտեսնել ու չհասկանալ:

Բայց հասկանալն էլ քիչ է: Պետք է եզրակացություներ արվե, և պատասխանատվություն կրող լինի:
Սա 2020-ի պատերազմը չի, որ հնարավոր լինի մեղքը գցել նախկինների վրա: Սա պատասխանատվություն է, որը պետք է արձանագրվի և խոստովանվի, որպեսզի երկիրը հեռանկար ունենա, և հնարավոր լինի նոր քաղաքական կուրս պատկերացնել:

Բայց այդ պատասխանատվությունը ոչ ոք չի վերցնում:

Ավելին՝ ամեն անգամ “ռոբի” ու “ռուսի” վախով նորից ու նորից առիթ է ստեղծվում այս մի պատասխանատվությունից ևս խուսափելու:

Իրո՞ք այս ապագան եք ուզում Հայաստանի համար այս բախտորոշ իրավիճակում՝ հավերժ պատասխանատվությունից խուսափող և բոլոր ստրատեգիական հարցերում ձախողվող իշխող ուժ, որի միակ առավելությունն այն է, որ կա մի հատ բոբո, որի օգնությամբ ինքը միշտ պետք է վերարտադրվի:

5. Սրանք հենց այնպես հարցեր չեն:
Կրկնեմ, դիմում եմ ընկերական:
Բայց դաժան իրողությունն այն է, որ պատմությունը ձեր ընկերը չէ:
Դուք պատասխանատվության ձեր բաժինն եք կրում այս ամենի համար և այն ամենի համար, ինչը դեռ կարող է տեղի ունենալ մեր երկրի հետ:

Բայց եթե դուք իրոք մտահոգված եք երկրի ինքնիշխանությամբ և իրապես ակտիվ քաղաքացիներ եք, որոնց համար ակտիվությունը միայն ընտրություններին մասնակցելը չէ՝ քաղաքական զրոների և գործակալների միջև “ընտրություն”անելու համար, ի՞նչն է ձեզ խանգարում սկսել ինքնակազմակերպվել, սկսել ինքնուրույն գործել, մտածել, թե դուք անձամբ ինչ   կարող եք անել այս իրավիճակում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ