fbpx
Հասարակություն

Եթե մենք չկռվենք, թուրքը կմտնի մեր մանկության տունը․ հրետանավոր Հայկազ Մկրտչյանը միշտ պատրաստ էր մարտի

«Մահից ամենաքիչը վախենում են այն մարդիկ, ում կյանքը մեծ արժեք ունի»,- այս խոսքերն էր ամեն անգամ նոթատետրում գրում հայրենիքի պաշտպանության համար մարտերում զոհված Հայկազ Մկրտչյանը։

Կյանքը սիրող, կենսուրախ, անարդարությունը չհանդուրժող՝ այսպես է բնութագրում Հայկազին քույրը՝ Արևը։

Կրտսեր սերժանտ, հրետանավոր, հաշվարկի հրամանատար Հայկազ Մկրտչյանը ծնվել է հոկտեմբերի 31-ին Երևանում։

Քույրն ասում է՝ Հայկը շատ կատակասեր էր, անչափ սիրում էր կյանքը։ «Հայկս շատ ջիգյարով էր խնջույքների ժամանակ գնում էր բոլոր բարեկամներին համբուրում»,- հիշում է Արևը։

 

Հայկազը առողջ ապրելակերպ է վարել, զբաղվել սպորտով։

«Ամեն օր ինձ առավոտ՝ ժամը 6-ին արթնացնում էր, ասում, Արև՜, գնացինք՝ վազելու։ Ինքը մարզվում էր, առողջ ապրելակերպ էր վարում, նույնիսկ կոկա-կոլա չէր խմում։ Հայկը անգամ հարևաններին էր նախատում ծխելու համար,- ասում էր, ուզու՞մ եք շուտ մեռնել»,- պատմում է Արևը։

Հայկի և Արևի տարիքային տարբերությունը մեկ տարի է, Արևը հիշում է՝ միշտ զրուցել են իրար հետ, եղել են ոչ թե քույր և եղբայր, այլ ընկերներ։ «Մենք շատ մտերիմ ենք եղել, ամեն ինչ պատմել է ինձ, կատակներ էինք անում, միշտ մտածում՝ տանը ինչ գժություն անենք»,- շարունակում է պատմել քույրը։

 

Հայկը 5 տարեկանից գնացել է շախմատի պարապմունքերի, մասնակցել է մրցույթների, իսկ դպրոցում շատ լավ է սովորել։ Հատկապես սիրել է մաթեմատիկա, պատմություն, բնագիտական առարկաներ՝ հետաքրքրվել մոլորակներով ու տիեզերքով։

Արևը նշում է՝ Հայկազը իր գիտելիքները օգտագործել է ծառայության ժամանակ՝ մարտական առաջադրանքներ կատարելիս։ «Հայկս դպրոցական տարիներից չէր սիրում անարդարությունը, միշտ զայրանում էր, երբ անարդար բան էր նկատում»,- ընդգծում է Արևն ու հիշում Հայկազի դպրոցական տարիները։

Երբ դեռ դպրոցում է սովորել, գրավոր աշխատանքի ժամանակ դասարանից դուրս է եկել, զանգել քրոջը, հարցրել մի բառի ուղղագրություն։ Արևը հիշում է՝ եղբորն ասել է գրելու ճիշտ ձևը, եղբայրը գրել է, բայց դասի վերջում չի դիմացել, ուսուցչին պատմել է արածը։

«Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, ուզում էր ծրագրավորող դառնալ։ Միշտ ասում էր, կյանքս կարծես կիսատ է, կարևոր բան պետք է անեմ, որ այն արժևորվի»,- հիշում է Արևը։

Հայկը նոթատետր է պահել, որում գրել է իր նպատակների ու երազանքների մասին։ «Նոթատետրում գրել է՝ եթե ուզում ես հայտնի դառնալ, պետք է գիրք գրես»,- հավելում է քույրը։

2019 թվականի հունվարի 23-ին Հայկազը ծառայության է անցնում Տավուշի մարզի Մեհրաբ համայնքի զորամասում։ «Ինքը միշտ ասում էր, եթե մենք չկռվենք, թուրքը կմտնի մեր մանկության տունը»,- եղբոր խոսքերը հիշում է Արևը։

Տավուշում ծառայելու ամիսներին քրոջը ասել է, որ ուզում է գնալ Արցախ, ընկերների հետ լինել։ «Ինքը վախ չուներ, միշտ ասում էր գիտես՝ քանի թուրքի անուն է իմ ձեռքով գրվել քարին»,- հիշում է Արևը։

Տավուշյան մարտերի ժամանակ Հայկազը եղել է ջոկատի հրամանատար, պարգևատրվել՝ «Մարտական հերթապահության համար» մեդալով։

«Հայկը շատ լավ էր տրամադրված, իր գիտելիքները օգտագործում էր մարտական առաջադրանքներ կատարելիս, զանգում, պատմում էր իրենց հաջողությունների մասին»,- նշում է քույրը։

Հոկտեմբերի 14-ին իրենց տեղափոխել են Արցախ։ Քույրը հիշում է պատերազմի օրերին Հայկազը շատ ոգևորված էր, նեղսրտել էր, երբ նահանջի հրաման էին ստացել։

Պատերազմի ժամանակ Հայկազենց ջոկատը եղել է ամենաթեժ տեղերում, իսկ վերջին օրերին եղել են Կարմիր Շուկայում։ Հոկտեմբերի 29-ին Հայկազը վիրավորում է ստացել։

«Երկու օր չէր զանգում, սկսեցի անհանգստանալ, հոկտեմբերի 31-ն էր, իր ծննդյան օրը։ Փնտրեցի, գտա ընկերների համարները, վերջապես մեկը պատասխանեց, ասացի տվեք Հայկին շնորհավորեմ, հետո զգացի անընդհատ ցրում էր խոսակցության թեման։ Հանկարծ ասաց պապայիդ համարը տուր, հասկացա՝ մի վատ բան եղել է», – հիշում է Արևը։

Ընկերները զանգել են Հայկազի հայրիկին ասել, որ ոտքից թեթև վիրավորում է ստացել, բայց հետո Հայկազին գտել են Մուրացան զինվորական հոսպիտալում։

«Հայկազը կոմայի մեջ էր, անգիտակից վիճակում, բժիշկները շատ քիչ էին տալիս ապրելու հավանականություն»,- պատմում է Արևը։

Կյանքի համար Հայկազը 12 օր պայքարել է, ընտանիքը հույս է ունեցել, որ այս փորձությունը Հայկազը կհաղթահարի։ Սակայն առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտից ժամեր առաջ, Հայկազի սիրտը կանգնել է։ Հայկազը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով՝ մարտական առաջադրանքները հմուտ կատարելու համար։

«Պատերազմի օրերին ժամը տասին ինձ մոտ տագնապային վիճակ էր սկսվում, դեղեր էի խմում, որ հնագստանամ, բայց ամսի 29-ից հետո, երբ Հայկս վիրավորել էր, էտ զգացողությունը էլ չէի ունենում»,- հիշում է Արևը։

«Հիմա եմ հասկացել, որ բոլոր նպատակներս Հայկազի հետ են կապված եղել»,- ասում է Արևը։

Արևը այսօր էլ զգում է եղբոր ներկայությունը։ «Հենց հիմա էլ, երբ ձեզ հետ խոսում եմ նրա մասին, ինձ թվում է՝ ինքն ինձ ասում է, Արև՜, ինչի համար ես լաց լինում, ամեն ինչ նորմալ է․․․»։

Հեղինակ՝ Շողիկ Կակոյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ