ՀԷՑ-ի 2018-2024 թվականների նոյեմբեր ամիսն ընկած ամբողջ տվյալների բազան ջնջվել է, ինչը լուրջ խնդիր է առաջացրել։ Այս մասին նոյեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա ընդգծեց, որ տվյալների կորուստը տեղի է ունեցել կամ կանխամտածված, կամ ցածր կոմպետենտության արդյունքում։ Խնդիրը թաքցվել է թե՛ իրավապահներից, թե՛ ՀԾԿՀ-ից, ինչը լիցենզիայի խախտման լուրջ հիմք է։
Պետրոսյանը նշեց, որ 700,000 սպառողների տվյալները, որոնք հավաքագրվել էին էլեկտրոնային հաշվիչներից, չեն արխիվացվել։ Համակարգի սպասարկումը իրականացվել է ռուսական ընկերությունների միջոցով, որոնք մաս են կազմում «Տաշիր» խմբին։ 40-ից ավելի անձանց հասանելիություն է տրվել համակարգին, և նրանցից ոմանք, ըստ Պետրոսյանի, ջնջել են տվյալները։ Նա հավելեց, որ տվյալների բազայում կարող էին լինել ապացույցներ հավելագրումների մասին։ Մինչ օրս տվյալները վերականգնել չի հաջողվել։

