fbpx
Առողջապահություն

ՀՀ առողջապահության նախարարությունը մասնակցել է ՄԱԿ-ի հռչակագրի նախագծի լրամշակմանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանին, որի շրջանակում կազմակերպվելու է նաև Համընդհանուր առողջապահական ծածկույթի խնդիրներին վերաբերող բարձրաստիճան գագաթնաժողով: Նախատեսվում է քաղաքական հռչակագրի ընդունում, որի նախագծի լրամշակմանն իր մասնակցությունն է ունեցել նաև Հայաստանը` ի դեմս առողջապահության նախարարության:

Առողջապահության նախարարությունը կարևորում է այս միջոցառումը, քանի որ Համընդհանուր առողջապահական ծածկույթի հասնելու քաղաքականությունը ներկայումս ոլորտի առաջնահերթություններից է: Հայաստանը մեծ ջանքեր է ներդնում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգում հնարավորինս մեծ թվով բնակչություն ընդգրկելու և առողջապահության ոլորտում սոցիալական արդարության սկզբունքի հնարավորինս լայն կիրառման ուղղությամբ:

ՄԱԿ-ի Ասամբլեայի բարձր հարթակը հնարավորություն կընձեռի Հայաստանի առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները ներկայացնելու գործում, ինչպես նաև կօգնի Ասամբլեայի օրերին շահագրգիռ բանակցություններ վարել ոլորտի զարգացման նպատակով տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ ներկայացնող գործընկերների հետ: Քննարկվելու են նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հետ կապված հարցեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ