ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է օնլայն տեղեկատվական հարթակների՝ YouTube-ի, Google-ի հայաֆիկացման հարցին՝ կարևորելով երիտասարդ բլոգերների նախաձեռնողականությունը:
«Մեր մոտ նախաձեռնողականությունը միշտ ողջունվել է, և շատ կարևոր է, որ մեր հանրությունը, բլոգերները, ովքեր շահառուն են յութուբի հայաֆիկացման մասով, կարևոր է, որ վեր հանեցին: Հոլովակներ էին ստեղծել, գրագետ մատուցեցին, աշխատանքային խումբ կստեղծվի: Խնդրել էի, որ այն մարդիկ, ովքեր հետաքրքրություն ունեն, հայտնեն մտահոգությունը, կտեսնենք՝ ովքեր են տիրապետում, աշխատանքային խումբը կստեղծվի, ու մեխանիզմներն այնպես օգտագործել, որ օգտվեն ինֆորմացիոն հնարավորություններից»,-ասել է Արշակյանը:
Նա նշել է, որ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի իրավիճակն ու կաջակցի գործընթացին: Նաև անդրադարձել է այս ոլորտի կանոնակարգումը հարկային բարեփոխվող օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելուն:
«Դա ցանկացած տնտեսվարող սուբյեկտին է վերաբերում, Հարկային օրենսգրքում փոփոխություններ են տեղի ունենում, միկրոբիզնեսը չի հարկվում»,-ասել է նա:
Նախարարը նշել է, որ այս գործընթացը կապված է տեխնոլոգիական ոլորտի զարգացման, Հայաստանն աշխարհի քարտեզի վրա հայտնի դարձնելու, նոր բիզնես մոդելներ ստեղծելու հետ: Նրա կարծիքով`աշխատանքն իր ազդեցությունը կունենա:
Աղբյուրը՝ shantnews.am