Միկրոբիզնեսով կարող են զբաղվել նրանք, ովքեր ունեն մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն:
Նոր համակարգը փոխարինելու է ընտանեկան ձեռնարկատիրության, ինքնազբաղված անձանց, և որոշ դեպքերում նաև՝ արտոնագրային հարկի համակարգերին: Միկրոբիզնեսով զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության տեսակների ցանկն առանց փոփոխության ներկայացված է Հարկային օրենսգրքում. նրանք են՝ կոշկակարները, ժամացույց վերանորոգողները, ուսուցման տարբեր ծրագրեր իրականացնողները և այլն: Ընդ որում, վերջիններս միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը պետք է ներկայացնեն մինչև գործունեություն սկսելը: Նորույթներ կան ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար:
Փոփոխություններով՝ սակայն ընտանիքի անդամին արդեն անհրաժեշտ է որպես աշխատակից ձևակերպել: 2020 թվականից այլևս չի լինի արտոնագրային հարկով հարկման համակարգը: Այստեղ գործող տնտեսվարողները կտեղափոխվեն պետական տուրքի, շրջանառության կամ ընդհանուր հարկման և միկրոձեռնարկատիրության դաշտ: Եկող տարվանից՝ վարսավիրական, ավտոտեխսպասարկման և գործունեության մյուս տեսակները կգործեն միկրոձեռնարկատիրության համակարգում: Հարկման արտոնյալ համակարգից չեն կարող օգտվել խորհրդատվական և ֆինանսական ծառայություններ մատուցողները:
Երևանում՝ առևտրի ոլորտում գործունեություն իրականացնողները, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպմամբ զբաղվողները ևս չեն կարող համարվել միկրոբիզնես, մինչդեռ մարզերում կարող են նրանք, ովքեր գործունեությունը չեն իրականացնում տոնավաճառներում կամ առևտրի կենտրոններում:
Ի դեպ, եթե տարվա ընթացքում ՀԴՄ մեքենայի տուգանքի 3 դեպք գրանցվի, ընկերությունը կամ անհատը կդադարի լինել միկրոբիզնես:
Միկրոձեռնարկատերերն ազատվում են բոլոր պետական հարկերից, այնուամենայիվ հարկային որոշ պարտավորություններ ունեն: Մասնավորապես, ներմուծումների մասով: Միկրոբիզնեսը հարկային պարտավորություն ունի նաև վարձու աշխատողի մասով:
Միկրոձեռնարկատիրության համակարգում գործող անձինք պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնեն տարվա ավարտից հետո մինչև փետրվարի 1-ը, իսկ եթե ունեն վարձու աշխատող՝ ամսական եկամտային հարկի հաշվետվություն՝ մինչև հաջորդ ամսվա 20-ը: