fbpx
Հարցազրույցներ

ՀՀ վարչապետը, արդեն չորրորդ անգամ պաշտոնապես հայտարարեց

Նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց անկախ, հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծման անհրաժեշտության մասին։ Այս մարմնի ստեղծման մասին Փաշինյանը, կառավարությունը խոսում է արդեն 6 ամիս, իսկ դրանից առաջ այդ դրույթն ամրագրված էր նաև «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում։ Հայտնում է 1in.am-ը.

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանի խոսքերով՝ այս հապաղումը խոսում է  նրա մասին, որ իշխանության մոտ չկա բավարար քաղաքական կամք՝ ստեղծելու այդ կարևորագույն մարմինը։ «ՀՀ վարչապետը, վերջին վեց ամիսների ընթացքում, արդեն չորրորդ անգամ պաշտոնապես հայտարարեց, որ Հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մարմին ունենալը Հայաստանի համար անխուսափելի քայլ է: Իհարկե, մի մարդու համար, որը շուրջ տաս տարի պայքարում է, որ մեր երկրում ի վերջո ստեղծվի Հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մասնագիտական մարմինը, կարևոր է, որ նման հանձնառություն է ստանձնում երկրի վարչապետը:

Սակայն, ցավոք, այդ հանձնառության կատարումը փաստող որևէ գործնական քայլ դեռևս կատարված չէ երկրի իշխանությունների կողմից, իսկ ժամանակը, ցավոք, չի աշխատում Հայաստանի և ՀՀ քաղաքացիների օգտին: Չունենալով հակակոռուպցիոն այս կարևոր ինստիտուտը և դեռևս ոչինչ չձեռնարկելով այն գոնե մոտ ապագայում ունենալու համար, երկրի իշխանությունները ՀՀ-ից դուրս բերված ապօրինի ակտիվները վերականգնելու և Հայաստան վերադարձնելու համար մի քանի ամիս առաջ դիմել էին Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ ստեղծված StAR գործիքին` ապավինելով այս հարցում նրանց աջակցությանը: Վստահ կարող եմ պնդել, որ մեր երկրում, առանց Հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մասնագիտական մարմնի ստեղծման, այս խնդիրը գրեթե անլուծելի է, քանզի դժվար է պատկերացնել, որ Համաշխարհային բանկի պես կառույցի կողմից ստեղծված գործիքը բարեսիրական մղումներից ելնելով՝ մեր հասարակությունից թալանված գումարները պետք է վերադարձնի մեր քաղաքացիներին: Այս ամենը հասկանալու համար կարելի է ուսումնասիրել StAR-ի և StAR-ի հետ փոխկապակցված տարբեր երկրների ակտիվների վերականգնման ուղեցույցները և պարզ հասկանալ, որ StAR-ի միջոցով անհնար է վերադարձնել այդ գումարները ամբողջությամբ, լավագույն դեպքում կարելի է վերադարձնել դրանց չնչին մասը, վատագույն դեպքում` ոչինչ: Այսօր, փաստացի, վարչապետը այս հարցով նշեց, որ StAR-ից պատասխան ստացվել է, սակայն ակտիվների վերականգնումը երկարատև գործընթաց է:

Կարծում եմ, որ նույնաբովանդակ պատասխաններ մենք իշխանություններից կլսենք առաջիկայում ևս, եթե այսօրվանից կտրուկ քայլեր չձեռնարկենք Հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մասնագիտական մարմնի ստեղծման ուղղությամբ»,- ասաց Զադոյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ