Գավառի համայնքապետարանի աշխատակազմը հայտնել է, որ Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթացքի մեջ են գտնվում մշակույթի տան և գեղարվեստի դպրոցի շենքերի հիմնանորոգման աշխատանքները։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 159 միլիոն 304 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացվում է համայնքի բյուջեից, մնացած 50 տոկոսը՝ պետբյուջեից:
Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Գավառ քաղաքի մշակույթի տան շենքի 500 տեղանոց դահլիճը, կատարել համաշինարարական աշխատանքներ, անցկացնել ջեռուցման համակարգ և վերջնական տեսքի բերել շենքի դիմային հատվածը եւ հիմնանորոգել Գավառի գեղարվեստի դպրոցի շենքն ամբողջությամբ, որն ունի շուրջ 700 քառակուսի մետր տարածք ու նորոգման չի ենթարկվել վերջին 30 տարիների ընթացքում։