Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նախարարը նշել է, որ մենք չունենք որևէ հիմք կարծելու, որ կորոնավիրուսը Հայաստանում շրջանառվել է ավելի վաղ, քան այն հայտնաբերվել է:
«Վերջին օրերին շատ է խոսվում, որ կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրում շրջանառվում է դեռ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից:
Նախ ուզում եմ հիշեցնել, որ մենք նոր կորոնավիրուսի թեստավորումը սկսել ենք փետրվարի 3-ից և առաջին դրական պատասխանը ստացել ենք մարտի 1-ին:
Հաշվի առնելով հարցի կարևորությունը այսօր հանձնարարել էի կորոնավիրուսային հետազոտություն իրականացնել մեր լաբորատորիայում պահվող թվով 26 նմուշները, որոնք վերցվել էին սուր շնչառական վարակներ ունեցող մեր քաղաքացիներից 2019թ դեկտեմբեր և 2020թ. հունվար ամիսներին:
Բոլոր 26 թեստի պատասխանները բացասական են: Հետևաբար մենք չունենք որևէ հիմք կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ, քան այն հայտնաբերվել է: Նման հիմքեր չկան նաև համաճարակաբանական առումով»,- ասված է Արսեն Թորոսյանի գրառման մեջ։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1217806095072320