Իրավական

Հնարավոր չարաշահումներ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում. հարուցվել է քրեական գործ

fizkult

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամները պնդում են, որ բուհի ռեկտորի՝ Վահրամ Առաքելյանի որդին, որը որևէ անգամ աշխատանքի չի գնացել, մոտ 10 տարի ձևակերպված է որպես բուհի դասախոս։

Բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ Էռնեստ Ավանեսովը մեզ հետ զրույցում ասաց, որ գրությամբ դիմել է ռեկտորին ու ստացել բուհում առկա հաստիքների միայն անվանումներն ու դրանց համար սահմանված դրույքաչափերը։

«Չբավարարվելով այդ պատասխանով և աշխատակիցների թաքցնելու միտում տեսնելով, ևս մեկ անգամ 12.06.19-ին գրավոր դիմելով ռեկտորին՝ խնդրել եմ տրամադրել բուհի ներկայից մինչև հիմնադրամ դառնալու պահը գործող հաստիքացուցակները՝ բացված վիճակում՝ աշխատակիցների անուն ազգանուններով, պաշտոններով հանդերձ: Ի զարմանս ինձ՝ պատասխանն ուշացավ ու տրվեց միայն հոգաբարձուների նախագահի միջամտությունից հետո»,-պատմում է հոգաբարձուների խորհրդի անդամը։

Նրա խոսքով՝ ինքը ստացել է «անհասկանալի ու անտրամաբանական պատասխան», ինչից կարելի էր ենթադրել, որ բուհի ղեկավար մարմնի անդամը չի կարող ստանալ նման տեղեկություն, որը մեր զրուցակիցը համարեց «աբսուրդի ժանրից»։

Նշենք, որ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի կանոնադրության 36-րդ կետի 3-րդ մասով սահմանվում է.
36. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն`
3) ստանալու տեղեկություններ ինստիտուտի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ:

«Սա ուղղակի կանոնադրության չիմանալու ու ուսումնական հաստատության կառավարման տարրական առանձնահատկություններին չտիրապետելու արդյունք է: Այսինքն բուհի ռեկտորին, ով մինչ այդ վստահ էր, որ միայն «իր թուրն է աջ ու ձախ կտրում» պահանջվեց 22 օր, որպեսզի հասկանա, որ նման տեղեկատվությունը չի կարող տրամադրել իր ղեկավար օղակին: Սա աբսուրդ է, խեղկատակություն, ինչի համար ռեկտորը պետք է ստանա իր խիստ նկատողությունը»,-հավելեց Էռնեստ Ավանեսովը։

Այսպիսի արձագանքը ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամներին կասկածի տեղիք է տվել։ Նրանք հետազոտել են բաց տվյալները և բացահայտել մի շարք փաստեր։

Նրանց տվյալներով՝ ռեկտորի որդին ձևակերպված է ոչ միայն որպես դասախոս, այլև վարորդ է, ունի ծառայողական մեքենա։ Սակայն, այդ հաստիքի վրա գրանցված է նաև Վահրամ Առաքելյանի խորհրդականի հայրը, որը ևս աշխատանքի չի հաճախել։ Ամբիոններից մեկում գրանցված է նաև ինդտիտուտի ռեկտորի հարսը։

«Երբևէ չեն հաճախել աշխատանքի, և իրենց ստուգարքային, քննական, պրակտիկայի տեղեկագրերում ստորագրել են այլ դասախոսներ, ամբիոնի վարիչներ, այլ աշխատակիցներ»,-ասում է բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ Էռնեստ Ավանեսովը։

Հոգաբարձուների խորհրդի անդամների պնդմամբ՝ բուհի հնարավորությունները արդյունավետ չեն օգտագործվել։ Տարիների ընթացքում սպորտային բազաները վաճառվել են, չեն նորոգվել սպորտդահլիճները։

«Բուհը դարձել ա կարծես լսարաանային բուհ։ Վերանորոգվում են միայն լսարանները, և չեն անդրադառնում մարզադահլիճներին»,-նշում է հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ֆահրադյանը։

Հիշեցնենք, որ Վահրամ Առաքելյանը ինստիտուտը ղեկավարում է ավելի քան 20 տարի։

Հանցագործության մասին հաղորդման հիմքով հարուցվել է քրեական գործ։


Հասմիկ Ռաֆայելյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ