Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային: Պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Պակիստան կատարած այցի ընթացքում Քաշմիրի հարցի վերաբերյալ արած մեկնաբանությունն է: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։
Նշենք, որ Էրդողանը դատապարտել էր Հնդկաստանի իշխանությունների կողմից Քաշմիրում բնակվող մուսուլմանների դեմ իրականացված գործողությունները և հավելել, որ Թուրքիան Քաշմիրի ժողովրդի կողքին է:
Հնդկաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը կանչվել է Հնդկաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնվել է բողոքի նոտա:
Հնդկաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ Քաշմիրի հարցում Թուրքիայի միջամտությունը այլ բան չէ, քան այլ երկրների ներքին գործերին խառնվելու թուրքական մոդելին բնորոշ օրինակ:
«Հնդկաստանն անընդունելի է համարում դա: Մեր երկկողմ հարաբերությունների վրա այս վերջին մեկնաբանությունները ուժեղ ազդեցություն կունենան»:
Հնդկաստանի իշխանությունները նշել են, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին մտադիր է նաև սահմանափակումներ կիրառել Թուրքիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև Քաշմիրի համար հակամարտությունը շարունակվում է այն ժամանակից, երբ 1947-ին Մեծ Բրիտանիան անկախություն շնորհեց իր նախկին գաղութին, որը կրոնական պատկանելությամբ բաժանվեց հինդուիստական Հնդկաստանի և մուսուլմանական Պակիստանի։
Հնդկաստանը և Պակիստանը 1947-ից ի վեր 3 անգամ պատերազմել են Քաշմիրի համար: Վիճահարույց այդ երկրամասում ամեն տարի տեղի են ունենում ռազմական բախումներ: Քաշմիրը 1947թ. հնդկա-պակիստանյան պատերազմի ժամանակ հռչակել է իր անկախությունը՝ որպես Ազատ Քաշմիրի խորհրդարանական հանրապետություն: Հնդկաստանը ճանաչել է Քաշմիրի Հանրապետության անկախությունը: