Հնդկաստանի առողջապահության նախարարությունն առաջարկել է արգելել էլեկտրոնային ծխախոտների արտադրությունն ու ներմուծումը, հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով համապատասխան փաստաթղթերը: Սա կարող է վտանգել այնպիսի խոշոր ընկերությունների ընդլայնման ծրագրերը, ինչպիսիք են Juul Labs-ը եւ Philip Morris International-ը:
Նախարարությունը կառավարությանն առաջարկել է հանրային շահերից ելնելով արգելել ծխելու համար էլեկտրոնային սարքերը՝ հայտարարելով, որ դա անհրաժեշտ է, որպեսզի էլեկտրոնային ծխախոտները «համաճարակ» չդառնան երեխաների եւ երիտասարդների շրջանում:
«Էլեկտրոնային ծխախոտները եւ նման տեխնոլոգիաները, որոնք խրախուսում են ծխսխոտի սպառումը կամ բացասաբար են անդրադառնում բնակչության առողջության վրա վտանգավոր են ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ օգտագործողների համար», – նշվում է ԱՆ հայտարարությունում:
Հնդկաստանի առողջապահության նախարարության նախագծի համաձայն, արգելքը կրկնակի խախտելու դեպքում կկիրառվի տուգանք ՝ մինչեւ 500 000 ռուփի եւ ազատազրկում ՝ մինչև երեք տարի ժամկետով: Առաջին խախտման դեպքում կկիրառվի մինչեւ մեկ տարի ժամկետով ազատազրկում եւ 100 000 ռուփի տուգանք:
Նախարարության ծրագրերը հարվածելու են ամերիկյան Juul Labs Inc-ին, որը հույս ունի իր էլեկտրոնային ծխախոտը թողարկել Հնդկաստանում: Philip Morris-ը նւյնպես նախատեսում է Iqos գործարկել Հնդկաստանում:
Սարքերի կողմնակիցներն ասում են, որ էլեկտրոնային ծխախոտներն ավելի քիչ վնասակար են, քան ծխախոտ ծխելը:
Բայց ծխախոտի դեմ պայքարի շատ ակտիվիստներ դեմ են էլեկտրոնային ծխախոտներին ՝ պնդելով, որ դրանք կարող են հանգեցնել նիկոտինային կախվածության եւ մարդկանց դրդել ծխախոտի սպառմանը: