Հոլանդիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի կին Բարտինա Կումանը պատմել է ամուսնու առողջական վիճակի մասին:
Բարտինան հայտնել է, որ ինքն ու ամուսինը հիվանդացել են կորոնավիրուսով և ապաքինվել են։
«Հիմա ամեն ինչ լավ է։ Կորոնավիրուսի թեստերը բացասական էին, բայց արյան մեջ հայտնաբերվել են հակամարմիններ։ Ռոնալդի մոտ կորոնավիրուսի ախտանիշն ավելի նկատելի էր»,-հայտնել է Կումանի կինը։
Նա նաև հավելել է, որ երբ նա առողջացավ ընկերներների հետ գնաց հեծանվաարշավի։
«Վերադառնալուց հետո նա ասաց, որ վատ է զգում, ուժեղ ճնշում է զգում կրծքավանդակում։ Ես անմիջապես հասկացա, որ սիրտն է և շտապօգնություն կանչեցի։
Ռոնալդի հայրը մահացել է սրտի խնդիրների հետևանքով, հոր եղբայրները ևս։ Շտապօգնությունը շատ արագ հասավ։ Հետազոտությունը ցույց տվեց, որ Ռոնալդն ունեցել է սրտի նոպա»:
Հայտնենք, որ 57-ամյա մարզիչը մայիսի 5-ին սրտի վիրահատությունից հետո դուրս էր գրվել հիվանդանոցից և բուժումը շարունակել է տնային պայմաններում:
Այս մասին հայտնում է libelle.nl-ը։
