Հոնկոնգի ոստիկանությունը հայտարարել է, որ նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան ցուցարարները աղեղներից նետեր են արձակել ոստիկանների վրա և ծաղկամաններ նետել: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Ոստիկանները չեն տուժել և ի պատասխան՝ կիրառել են արցունքաբեր գազ։
Ինտենսիվ բողոքները և ոստիկանության հետ բախումները Հոնկոնգում շարունակվում են չորրորդ օրն անընդմեջ: Ցուցարարները փորձում են քաղաքային տրանսպորտն արգելափակել աշխատանքային օրերին, դա նրանց նոր ռազմավարությունն է: ԶԼՄ-ներն այս օրերին սկսել են հաղորդել, որ բողոքողների շրջանում հայտնվում են մարդիկ, որոնք զինված են աղեղներով, նիզակներով և արբալետներով:
Նոյեմբերի 14-ից փակ են մանկապարտեզներն ու դպրոցները: Առավոտյան կրթության քաղաքային բյուրոն դպրոցների աշխատանքի ընդմիջումը երկարացրել է մինչև շաբաթվա վերջը: Համալսարանները պարապմունքները հետաձգել են մինչև հանգստյան օրեր կամ հայտարարել առցանց-դասընթացներ:

