Հոնկոնգում ռեկորդային թվով մարդիկ են մասնակցում շրջանային խորհրդի ընտրություններին: Այս մասին գրում է BBC News-ը։
Ինչպես փոխանցում է աղբյուրը, կեսօրին ընտրողների թիվն արդեն գերազանցել է 2015 թվականի ընտրություններում գրանցված վերջնական ցուցանիշը:
Այս ընտրությունները դիտարկվում են որպես աջակցության ստուգարք Հոնկոնգի քաղաքային կառավարության ղեկավար Քերի Լեմին: Հինգ ամիս տևած հակակառավարական ցույցերից հետո ժողովրդավարամետ ցուցարար խմբերը հույս ունեն, որ ընտրություններով կկարողանան ուղերձ հղել Չինաստանի կառավարությանը:
Նշվում է, ընտրություններին ընդառաջ և քվեարկության ընթացքում բախումներ և այլ միջադեպեր չեն գրանցվել:
Բազմամարդ հերթեր են ձևավորվել ընտրատեղամասերում. մարդիկ մտավախություն ունեն, որ ընտրությունները կարող են վաղաժամ դադարեցվել, եթե որևէ անկարգություն գրանցվի: Ընտրություններին մասնակցելու համար ռեկորդային 4.1 մլն մարդ է գրանցվել, որը Հոնկոնգի բնակչության կեսից ավելին է:
