Հոնկոնգի իշխանությունները ֆինանսական թաղամասում մի քանի կառավարական շենքեր են փակել վերջին տասնամյակում բռնության ամենախոշոր ալիքից հետո, որը համակել է քաղաքը: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Հինգշաբթի առավոտյան մարդկանց բազմությունը հավաքվել է կառավարական գրասենյակների մոտ: Տեղի են ունեցել ցուցարարների և ոստիկանների բախումներ:
Ցուցարարները վրդովված են Չինաստանի հետ արտահանձնման մասին օրենք ընդունելու իշխանությունների որոշմամբ: Չնայած հասարակության դժգոհությանը՝ իշխանություններն, այնուամենայնիվ, որոշել են այս օրենքն ընդունել:
Օրենքի ընդունման բանավեճերին օրենսդիրների մասնակցությունը կանխելու համար տասնյակ հազարավոր ցուցարարներ քաղաքի կենտրոնում փողոցները փակել են: Ավելի ուշ լարվածությունը մեծացել է, երբ ցուցարարները փորձել են գրոհել հիմնական կառավարական շենքերը:
Ոստիկանները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Բողոքի ցույցերի հետևանքով վիրավորվել է 15-66 տարեկան 72 մարդ: